Նոյեմբերի 26-ին և 27-ին Համազգային թատրոնի բեմում կներկայացվի «Լույսը կբացվի» մոնոներկայացումը: «Լույսը կբացվի» ներկայացման գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը: Բեմադրության հեղինակն է Արթուր Սահակյանը, իսկ պիեսի` Կարինե Խոդիկյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը:
Նրա գնահատմամբ` ներկայացումը այսօրվա կյանքում կնոջ ուժեղ լինելու անհրաժեշտության մասին է: «Մոնոներկայացում է, որտեղ ես մարմնավորում եմ լքված կնոջ կերպարը. նրան արդեն ութ ժամ է լքել է իր ամուսինը: Սա ներկայացում է մերժված լինելու մասին: Չկա մարդ, որ երբեք այդ զգացումը չի ապրել, ուստի ներկայացումը այդ զգացումը, ծանր ապրումները հաղթահարելու մասին է»,- մեկնաբանեց դերասանուհին`հավելելով, որ ցանկացած մարդ միշտ պետք է դուրս գա ծանր ապրումներից, ելքեր փնտրի և սպասի` երբ կբացվի լույսը: Կ. Ջանջուղազյանի համոզմամբ`լույս միշտ է բացվում:
Նա հուսով է, որ հանդիսատեսին կփոխանցի ճիշտ զգացումներ, ճիշտ ուղին ցույց կտա այն մարդկանց, ովքեր այդ վիճակում են լինելու ներկայացման պահին:








































