Նոյեմբերի 21-25-ը Երևանում կանցկացվի երիտասարդ աստղագետների համաժողովը: Համաժողովին արտերկրից կժամանեն 29 երիտասարդ աստղագետներ և չորս դասախոսներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը և հայկական աստղագիտական միության նախագահ Արեգ Միքայելյանը:
Բյուրականի աստղադիտարանը պետք է դառնա տարածաշրջանային խոշոր կենտրոն` ընդգծեց աստղադիտարանի տնօրենը` հավելելով, որ գոյություն ունի հայ-ռուսական պայմանագիր, որը նախատեսում է երիտասարդ աստղագետների աշխատատեղերի ավելացում, կտրվեն նաև երեք նոր դիտակներ՝ համապատասխան ընդունիչներով:
Նշենք, որ այժմ Բյուրականի աստղադիտարանը ունի հինգ դիտակ, որոնցից գործում է միայն մեկը: Հայկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում երիտասարդները հետաքրքրված են աստղագիտությամբ:
«Հաճախ պատահում է, որ մի քանի ամսով մեկնում են արտերկիր զարգացնելու իրենց հմտությունները, ստանում են նաև դրամաշնորհներ»,- մանրամասնեց բանախոսը` հավելելով, որ դրամաշնորհով աստղադիտարան պահել հնարավոր չէ: Աստղագիտությունը այն բնագավառն է, որը պետական ֆինանսավորման և պետական հոգածության կարիք ունի: «Գիտությունը Հայաստանում չի ֆինանսավորվում, իսկ ԽՍՀՄ-ում գիտնականները ստանում էին ամենաբարձր աշխատավարձը»,- ամփոփեց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:









































