«Հրապարակ»-ը գրում է.
«Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի խորհրդական Աստղիկ Ավետիսյանն օրերս, իր դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից: Նա ռադիո էր տեղափոխվել նախագահականից: Նախագահի մամլո քարտուղարի օգնականն էր: Այս տարվա փետրվարին նշանակվեց Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, խորհրդականի պաշտոնում հայտնվեց մի սկանդալային պատմությունից հետո, երբ մամուլում հայտնվել էր Սերժ Սարգսյանին ուղղված` ռադիոյում տիրող իրավիճակից դժգոհողների մի անանուն նամակ, որի մտահղացումն իրեն էին վերագրել:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Ավետիսյանն ասել է. «Ես ազատվել եմ իմ սեփական դիմումի համաձայն, այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով, ստացել եմ բավական լավ աշխատանքի առաջարկ, որը և՛ ֆինանսական, և՛ ստեղծագործական առումով լավ հնարավորություն է»,- ապա նաև հավելել է, որ Հանրային ռադիոն այսօր վերածվել է ճահճի և հիմա հոգեվարքի մեջ է։
«Շատ եմ ափսոսում ստեղծված իրավիճակի համար, որովհետև ռադիոն իր տնօրենի շնորհիվ հայտնվել է անդեմ, իրենից ոչինչ չներկայացնող ստրկատիրական մեթոդներով աշխատող կառույցի»:








































