Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չի բացառում, որ կարող է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսում:
«Ես համակրում եմ ԲՀԿ-ին և ողջունում Գագիկ Ծառուկյանի այն քայլը, որ վերջինս իր բարեգործությունը չի փորձում քաղաքականացնել:
Ես շատ ծանրակշիռ մարդ եմ: Իմ կյանքի առյուծի բաժինը եղել է անկուսակցական մնալը: Ես կուսակցական եղել եմ ընդամենը մի քանի տարի, 18 տարի է` ես անկուսակցական եմ, երևի կուսակցական չդառնամ էլ:
Բայց եթե Գագիկ Ծառուկյանը շարունակի չքաղաքականացված իր այս ճանապարհը, մարդկանց տրվող իր օգնությունները չպատճառաբանի քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներով, ապա չի բացառվում, որ ես նրանց հետ լինեմ:Եթե նա շարունակի «կուսակցությունը ժողովրդի համար» գաղափարը, և եթե հրավեր լինի ինձ, ես լրջորեն կուսումնասիրեմ այդ առաջարկը:
Մտածում եմ մասնակցել մեծամասնական ընտրակարգով: Ես ինձ համարում եմ իմ ընտրողների ծառան ու սպասավորը: Եթե նրանք ինձ հորդորեն գնալ ընտրությունների, այդ դեպքում ես, բնականաբար, գնալու եմ մեծամասնական ընտրակարգով»:








































