Նոր ոստիկանապետ Վովա Գասպարյանն ակտիվորեն ոստիկանության կադրեր է փոխում, ոստիկաններն ակտիվորեն փորձում են քաղաքացիներին ստիպել անցնել փողոցը հետիոտնային անցումների համար նախատեսված հատվածներով: Արդյո՞ք դա այն էր, ինչն անհրաժեշտ է, այսպես ասած, բարեփոխումները ավարտին հասցնելու համար:
Մի կողմից՝ նկատելի է, որ ինչպիսին բարեփոխումների մեկնարկն էր, այդպիսին էլ ավարտն է լինելու: Մյուս կողմից, սակայն, ի վերջո անհրաժեշտ է մի ինչ-որ պահից ձեռնամուխ լինել ոստիկանության իրական բարեփոխումների: Ամենևին պատրանքներ չկան, որ միակ բարեփոխիչը, բարեփոխումների միանձնյա նախաձեռնողը պիտի լիներ Վովա Գասպարյանը, և այս է վկայում թեկուզ այն փաստը, որ ոստիկանությունում հանկարծ բավական կարևոր պաշտոն է ստանում «Մարտի 1»-ի գործի քննությունն իրականացնող Վահագն Հարությունյանը՝ նշանակվելով ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորության գործերի քննության վարչության պետ:
Վահագն Հարությունյանն այն մարդն է, որն իր կատարած աշխատանքով հարյուրավոր մարդկանց անհիմն մեղադրանքներ էր ներկայացնում և հանձնում դատարաններին, և երբ այդ պաշտոնյան ոստիկանությունում տեղ է զբաղեցնում կարևոր մի պաշտոնում, ապա քաղաքացիները երբեք չեն կարող, այսպես ասած, իրենց ավելի պաշտպանված զգալ: Մինչդեռ Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանին ոստիկանությանը ներկայացնելիս, հենց այդ մասին էր ասում, թե քաղաքացիները իրենց ավելի պաշտպանված կզգան այսուհետև: Չի՞ կարծում արդյոք Սերժ Սարգսյանը, որ այս մի նշանակումից հետո (որ Հարությունյանին Սարգսյանն է «նվեր» տվել ոստիկանությանը՝ պետք չէ կասկածել) այսուհետև քաղաքացիներն իրենց պետք է ավելի խոցելի զգան, որովհետև այն, ինչ Հարությունյանն անում էր «Մարտի 1»-ի գործով, այժմ արդեն կարող է անել այլ գործերով ևս:
Կարելի է բերել ոստիկանությունում կադրային փոփոխությունների այլ օրինակներ ևս, որոնք, մեղմ ասած, հակառակ զգացում են ներշնչում քաղաքացուն, քան ավելի պաշտպանված լինելու զգացումը: Ավելին՝ այն, որ մի ամբողջ ոստիկանական բազմություն զբաղված է փողոցները հատող քաղաքացիներին կարգի հրավիրելով, որ նրանց ցույց տա իրենց տեղը, վկայում է, որ ոստիկանության բարեփոխումը ոչ այնքան դեպի քաղաքացին է, որքան ընդդեմ քաղաքացու. այո, դա կարևոր հարց է, սակայն ունի բազմաթիվ այլ ենթահարցեր, որոնք լուծում են պահանջում այլ գերատեսչությունների մակարդակով, և քանի դեռ այդ համալիր լուծումը չկա, քաղաքացիներին փողոցում իրենց տեղը ցույց տալը պարզապես ապարդյուն ձևականություն է, որն ընդամենը ցույց է տալիս այլ՝ ավելի կարևոր աշխատանքներում փոխվելու՝ ոստիկանության անպատրաստ լինելը:
Հայաստանի իշխանությունը միջազգային կառույցներին հավաստիացումներ է տալիս, որ առաջիկա խորհրդարանի ընտրությունը լինելու է ամենալավը Հայաստանի պատմության մեջ, լինելու է ամենաթափանցիկն ու արդարը: Միջազգային կառույցներն առայժմ հավատում են կամ ձևացնում են, որ հավատում են: Մինչդեռ, այդ հայտարարությունների, այդ հավաստիացումների կարևոր վկայություններից մեկը պետք է լինի հենց այլ որակի ոստիկանության ձևավորումը:
Եթե Հայաստանի իշխանությունը մինչև ընտրություն ձևավորեց այլ որակի ոստիկանություն, ապա դա կարող է լինել այլ որակի ընտրություն անցկացնելու հավաստիության անկեղծության վկայություն, որովհետև ոստիկանությունն ընտրական գործընթացի կարևոր բաղադրիչներից է, որ կանխելու է ապօրինությունները թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ բուն քվեարկության օրը, թե՛ դրանից հետո հնարավոր բողոքարկումների և բողոքի ակցիաների ընթացքում: Սակայն այն, ինչ ներկայումս կատարվում է ոստիկանությունում՝ պարզ կադրային ռոտացիան և նաև որոշակիորեն ձևական կարգապահության հաստատումը հետիոտների համար, վկայում է, որ ոստիկանության իրական վերափոխման մտադրություն իշխանությունը չունի կամ չունի համարձակություն:
Բանն այն է, որ Հայաստանում իշխանական համակարգը գործում է օրենքից դուրս, իրեն ամուր և ապահով է զգում օրենքից դուրս, և ոստիկանությունը կա՛մ պետք է օրենքը պաշտպանի, կա՛մ իշխանությանը: Առայժմ կատարվում են գործողություններ, որոնցից տպավորություն է ստեղծվում, թե դրանք ակնհայտորեն միտված են իշխանության պաշտպանվածության բարձրացմանը. ոստիկանական օղակներում ոչ թե հայտնվում են նոր որակի մարդիկ, այլ օղակների փոխատեղում է կատարվում, և մարդիկ մի տեղից մյուսն են անցնում, այսինքն՝ հստակեցվում են և մոբիլիզացվում, այսպես ասած՝ օպտիմալացվում ուժերը, որոնք առաջիկա ընտրությանը պետք է առանց ավելորդ աղմուկի և ցնցումների պաշտպանեն իշխանությանը:
Ոստիկանական ներկայիս համակարգը, անկախ ռոտացիաներից, ինքնին անընդունակ է այլ բան պաշտպանելու, որովհետև ոստիկաններն արդեն հոգեբանորեն պատրաստ չեն այլ գործառույթ իրականացնել, քան իշխանությանը հնարավոր քաղաքացիական ճնշումներից զերծ պահելը: Այդ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր չեն կատարվում, ինչը վկայում է, որ ընտրության որակի մասին միջազգային կառույցներին տրվող իշխանական հավաստիացումները առավելապես լցված են օդով, և օդում, ջրում, թե ցամաքում, ոստիկանությունը շարունակելու է իշխանությանը պաշտպանել:









































