Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկացիները ընդդեմ Քարդաշյանների ընտանիքի ստորագրահավաք են կազմակերպում: Արդեն հավաքվել է ավելի քան տասը հազար ստորագրություն, որոնք պահանջում են դադարեցնել այդ ընտանիքին նվիրված հեռուստատեսային ռեալիթի շոուները, քանի որ դրանք վատ արժեքներ են տարածում:
Չգիտենք, շոուներին չենք հետևել, ու հայտնի չէ՝ գուցե ամերիկացիներն իրավացի են, գուցե` ոչ: Գուցե նաև հարցն ամենևին էլ ամերիկացիները չեն, այլ, ասենք, թուրքական լոբբին, որը ամերիկացիների անվան տակ փորձում է Քիմին զրկել եթերից, նաև հեղինակությունից` այդպիսով հարվածելով հայկական լոբբիին:
Բանն այն է, որ բավական երկար ժամանակ է, ինչ հայկական լոբբին կարծես թե որպես գաղտնի զենք գործածում է Քիմ Քարդաշյանին: Նա երևի թե Ամերիկայում ամենաակտիվներից մեկն է հայ-թուրքական հարաբերությունների առումով, և միայնակ անում է մի ամբողջ կազմակերպության գործ:
Մի կողմից` դա վկայում է հայկական լոբբիի խորամանկության մասին, որ օգտագործում էր, այսպես ասած, «նորագույն տեխնոլոգիան» Հայոց ցեղասպանության ճանաչման լոբբիստական աշխատանքում, մյուս կողմից` սնանկության, եթե բանը հասել է այնտեղ, որ մեր լոբբին Քիմի հույսին է մնացել:
Բայց, այսպես թե այնպես, Քիմի «վերջը» կարծես գալիս է, և ամերիկացիները արդեն ձանձրացել են նրանից: Իսկ եթե նա հեռանա ամերիկյան հեռուստաէկրաններից, ապա, անկասկած, կամաց-կամաց մոռացվելու է, դուրս է մնալու շոու-բիզնեսի ոլորտից և համալրելու է «զորացրված» մարմինների շարքը:
Հետևաբար ամերիկահայ լոբբին պետք է գտնի Քիմին փոխարինող, հակառակ դեպքում լոբբիստական արդյունավետությունը կարող է կտրուկ անկում ապրել: Կամ էլ լոբբին պետք է հասկանա, որ լուրջ քաղաքականության մեջ մարմինները դեր չեն խաղում, առաջնայինը ուղեղն է, միտքը, կրեատիվը, որը, սակայն, ոչ թե մարմնի վրա է շեշտը դնում` խաղալով շրջապատի բնազդի վրա, այլ հենց շրջապատի ուղեղներին հասնելու վրա:
Դրա համար անհրաժեշտ է արմատապես վերանայել ամերիկահայ լոբբիստական համակարգը` ոչ թե գործիքների, այլ նախևառաջ` տրամաբանության տեսանկյունից, փոխել շեշտադրումները և խնդիրների հաջորդականությունը, փոխել «Ա» կետից «Բ» կետը հասնելու ավանդական ու արդեն մաշված ճանապարհները:
Դրանցում զգալի չափով ֆինանսական միջոցներ, մարդկային ջանքեր, անկեղծ և ի խորոց սրտի նվիրումներ են արձանագրվել, արձանագրվում են և դեռ կարձանագրվեն, բայց արդյունավետությունն ակնհայտորեն սկսել է կաղալ, հետևաբար պետք է առաջին հերթին ափսոսալ հենց այդ փողերը, նվիրումն ու անկեղծությունը, և դրանք առաջ տանել առավել արդյունավետ ու օպտիմալ ճանապարհով:
Ի վերջո մենք բոլորս կարծես թե կանգնած ենք թե նոր Ամերիկայի, թե նոր աշխարհի կերտման հանգուցակետում և իրավունք չունենք կարևորագույն հարցերում համարժեք չլինել այդ միտումներին և մեր գործողությունների բովանդակությունը չվերանայել այդ միտումներին զուգահեռ:







































