Վաղը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի նկարչուհի Մոկոյի (Մարիամ Խաչատրյան) անհատական ցուցադրությունը, որը կրում է «Էպիկենտրոն» խորագիրը: Ցուցադրությանը կներկայացվի 24 աշխատանք:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին` ինչո՞ւ է աբստրակտ ոճում ստեղծագործող նկարչուհին ընտրել հենց այս խորագիրը, վերջինս պատասխանեց, որ դա հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի մտահղացումն է:
Վերջինս հատուկ այս ցուցադրության համար գրված «Էպիկենտրոն» խորագիրը կրող երաժշտությամբ կբացի ցուցադրությունը:
««Էպիկենտրոնը» իմ ու Հայկի ստեղծագործությունների խտացումն է` էպիկենտրոնը»,- մեզ հետ զրույցում ասաց Մոկոն:
Նկարչուհին պատմեց, որ Հ. Մելիքյանի հետ համագործակցության փորձ նախկինում էլ է ունեցել` դաշնակահարը վերջինիս նկարներն օգտագործել է իր ձայնասկավառակների արտաքին դիզայնում:
Մ. Խաչատրյանի խոսքով` ցուցադրություն-էքսպրոմտ անելու գաղափարն իրենց մոտ ծագել է հունիսին: Ցուցադրության մեխը, ըստ նկարչուհու, լինելու է այն, որ երկու լուսարձակների ներքո` կատարյալ մթության մեջ, Հայկը նվագելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Մանսուրյանից 3 պիես, Դալալյան, ապա 3 մասից բաղկացած «Էպիկենտրոնի» ներքո ինքը կտավի վրա կստեղծագործի: Արդյունքում` հանդիսականների առաջ ստեղծված կտավը իր արժանի տեղը կզբաղեցնի ցուցադրության մեջ:
Նկարչուհու աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում: Վերջին 4 տարում սա նկարչուհու անհատական 3-րդ ցուցահանդեսն է:
Նկարչուհին իր աշխատանքները նպատակ ունի թանգարանում ցուցադրել 12 օր, սակայն տարածքի չջեռուցման պատճառով ցուցադրման ժամկետը հնարավոր է` կրճատվի:
Մոկոյն իր աշխատանքներից մեկը Հայաստանի կողմից նվիրաբերել է Քուվեյթի թանգարանին, որտեղ այն ներկայացված է մշտական ցուցադրության:
Ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 18-ին` ժ. 18:00-ին:











































