ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը մեկնաբանել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հնարավոր վերադարձը Կրեմլ` դա անվանելով «ծաղր ընտրական գործընթացի նկատմամբ»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հարցին՝ արդյո՞ք լավ գաղափար է Պուտինի կողմից առաջիկա նախագահական ընտրություններին առաջադրվելը, Ռայսը պատասխանել է` ոչ, և ավելացրել. «Դա տխուր է»:
Ընդ որում, Ռայսը ընդունում է, որ Պուտինի վերադարձից հետո Ռուսաստանում սպասվում են այլախոհության հետագա սահմանափակումներ: Բացի այդ, նրա կարծիքով, կուժեղանա իշխանության կենտրոնացումը, սակայն քաղաքական վարչակարգի խստացումը կարող է հուզումների հանգեցնել երկրում:
«Անգամ Վլադիմիր Պուտինի համար առաջ կգան անհարմարություններ և որոշ հանգամանքներ… Եթե նա գնա այդ ճանապարհով, ապա, կարծում եմ, ռիսկի կդիմի՝ դիմակայելու զգալի հուզումներ Ռուսաստանում»,- ասել է Ռայսը` ավելացնելով, որ ռուսները, շնորհիվ ճանապարհորդելու հնարավորությունների և համացանցի, իրենց զգում են միջազգային հանրության անդամ, և հնարավոր է, չկարողանան հանդուրժել իրենց իրավունքների հետագա սահմանափակումները:







































