Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Ej էլեկտրոնային ամսագրի (ejournal.am) իր էջում գրում է.
Կառավարական պատվիրակության այցը լուսաբանելու նպատակով արտասահմանում էի: Ուշ գիշերին տեղեկություն ստացանք, որ Հայաստանում տեխնիկական վթար է եղել: Լուսաբացին վարչապետը տողանի կանգնեցրեց պատվիրակության կազմում եղած վեց թե յոթ նախարարներին ու բառի բուն իմաստով մայր հայհոյեց նրանց: Ես կողքից նայում էի նախարարների պահվածքին: Նրանցից ոչ մեկը չասաց` «Ու՞մ մերը, արա. տո դու’ էլ, քո տված պաշտոնն էլ…»: Նրանցից ոչ մեկը գոնե չտրտնջաց . «Բայց ինչո՞ւ այդ կերպ, պարոն վարչապետ…»: Նրանցից ոչ մեկը գոնե ընդվզումի դեմք չընդունեց…
Ես ապշած նայում էի այս տեսարանին ու մտածում` և ահա, թե ովքեր են կառավարում մեզ:
Երրորդ հանրապետության գործերը ստեղծման պահից ի վեր վատ են գնում, օր-օրի ժողովրդի սոցիալական վիճակը ծանրանում է, արտագաղթը դատարկում է երկիրը` սպառնալով ֆիզիկական գոյությանը, հանրային կյանքը բարոյազրկվում է, անհուսությունը սողոսկում է բոլոր անկյունները:
Երրորդ հանրապետության տարիներին շուրջ երկու հարյուր նախարար ենք ունեցել: Եվ ահա ջանում եմ հիշել որևէ դեպք, երբ նախարարը բացեիբաց կամ թե գոնե վերադասի կաբինետում ասած լինի` «Կներեք, պարոն վարչապետ, կներեք, պարոն նախարար, ես դեմ եմ ձեր կողմից տարվող կուրսին, քանի որ այն ոչ միայն չի նպաստում երկրի զարգացման ապահովմանը, այլև ծանրացնում է ժողովրդի վիճակը, և որպես անհամաձայնության նշան ահա հրաժարական եմ տալիս»: Ջանում եմ հիշել ու դժվարանում եմ նման բան մտաբերել:
Մեր նախարարները որպես կանոն ոչ միայն չեն ընդվզում երկիրը դեպի անկում տանող կառավարությունների կուրսի դեմ, այլև մանկապարտեզի սաների պատրաստակամությամբ վազվզում են վերադասի առաջ, անմռունչ կատարում բոլոր հանձնարարականները` անկախ դրանց ունենալիք հետևանքներից: Մեր նախարարները ոչ միայն չեն ընդվզում, այլև ամեն առիթի դեպքում ջանում են ի ցույց դնել իրենց հավատարմությունը վերադասին: Եվ արժանապատվությունը մի կողմ դրած` ամեն կերպ մնում են կառչած աթոռից, միչև վերջին ակնթարթը, քանի դեռ նրանց չեն ասել` վաղվանից էլ գործի չգաս:
Այսպես եղել է քսան տարի: Բայց այս վերջին հրաժարականները կարծես թե խախտում են ավանդույթը և մի նոր մոդա բերում իրենց հետ: Եթե առաջներում պաշտոնազրկվածները լուռ հեռանում էին` որևէ կերպ չարձագանքելով կատարվածին, ապա այսօր շնորհակալություն են հայտնում պաշտոնազրկության համար: Երևանի արդեն նախկին քաղաքապետը իր հարկադիր հեռանալու պատճառը հանրությանը տղամարդավարի ներկայացնելու փոխարեն շնորհակալություն է հայտնում հանրապետության նախագահին, ՀՀԿ-ին, որ իրեն «վստահություն են վերապահե» ԱԺ նախագահին հարկադրում են թողնել պետության երկրորդ պաշտոնը` դրա իրավունքը չունենալով, ու տանում են մի ինչ-որ կուսակցության շտաբ ղեկավարելու, և ինքը դրա համար… շնորհակալություն է հայտնում…
Մեր քաղաքագետներից մեկը այս վերջին երևույթը դիտում է որպես ավտորիտարիզմից դեպի տոտալիտարիզմին անցման հայտանիշ.
«Երբ քեզ խփում են, իսկ դու ասում ես` հավատարիմ եմ հանրապետության նախագահին, ծառայում եմ նախագահին, երդվում եմ… սա նոր լեզվամտածողություն է, այսպես դեռ չէր եղել այս 20 տարիների ընթացքում: Հաջորդ պառլամենտում երկու ֆրակցիա է լինելու, նորին մեծություն նախագահի դիմությունն ու նորին մեծություն նախագահի ընդդիմությունը»:
Հիմա իշխանությունները ողջ թափով նախընտրական շտաբն են համալրում:
Ու հայտարարում են` «Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլև նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած և վստահորեն դեպի ապագա նայող: Այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար»:
Եթե ցուցադրական «որակական այդ հեղափոխությունն»ձ արվելու է անարժանապատվության ճահճի խորացման միջոցով, ապա ավելի լավ է ոչինչ չանել:
Հայաստանի բոլոր ժամանակների նախագահների առջև նույն խնդիրն է կանգնելու` վերացնել այդ ճահիճն ու արժանապատվություն բերել հանրային կյանքին:
Առ այսօր հակառակն է եղել:








































