«Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի (վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացում) սահմանադրականության առնչությամբ ճիշտ որոշում է կայացրել: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Բայց նաև ճիշտ է ՍԴ-ի այն հորդորը, որ դատարաններն ու դատավորները տուգանքների չափը որոշելիս հարցին պետք է ավելի ռեալ մոտենան և վրեժխնդրության առիթ չտան, այսինքն՝ այսպես կոչված տուժողը ֆինանսապես ոչնչացնելու աստիճանի վրեժխնդիր չլինի լրատվամիջոցից: Դատարանը տուգանքներ սահմանելիս պետք է հաշվի առնի լրատվամիջոցների ֆինանսական վիճակը, շատ ավելի համեստ գումարներ սահմանի և ոչ թե միլիոններով տուգանքներ որոշի: Այլ խոսքով՝ լրատվամիջոցին կամ լրագրողին պետք է զգաստացնել, այլ ոչ թե նրան ծնկի բերել, ոչնչացնել»,- ամփոփեց Հակոբ Ավետիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 15-ին, ՍԴ-ն, քննելով Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դիմումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականության մասով, արձանագրեց, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:
Միևնույն ժամանակ, սակայն, դատարանը մի շարք իրավական մոտեցումներ ներկայացրեց, որոնք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գնահատմամբ, երաշխավորելու են հոդվածը կիրառել բովանդակությանը համապատասխան: Մասնավորապես, դատարանը համարում է, որ փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը:











































