Առաջիկա երկու օրերին հանրապետությունը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում:
«Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա` օրվա ընթացքում հանրապետությունում սպասվում է ամպամած եղանակ: «Առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ, լեռնային շրջաններում տեղումները հիմնականում կլինեն ձյան տեսքով, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով»,- մանրամասնեց Գ. Սուրենյանը` հավելելով, որ հարավ-արևմուտքից հանրապետություն են թափանցում բավականին տաք օդային հոսանքներ:
«Օդի ջերմաստիճանը գիշերը արդեն զգալիորեն բարձրացել է, և առաջիկա օրերի ընթացքում այն կբարձրանա մոտավորապես 2-4 աստիճանով: Մայրաքաղաքում առաջիկա երկու օրերին գիշերը կլինի 0-2 աստիճան, ցերեկը` 5-7 աստիճան տաքություն»,- եղանակի տեսությունն առաջիկա երեք օրվա համար կանխատեսեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:









































