ԱՄՆ-ը իրեն իրավունք է վերապահում կիբերհարձակումներին պատասխանել զինված հարձակումներով: Այս մասին հաորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Կոնգրեսին ներկայացրած Պենտագոնի հաշվետվությունը:
12-էջանոց հաշվետվության մեջ ասվում է, որ կիբերհարձակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների տնտեսության, պետական կառավարման և ռազմական ենթակառուցվածքների վրա: Հետևաբար դրանց նկատմամբ արձագանքը պետք է ներառի բոլոր հասանելի միջոցները:
Դրանց շարքում Պենտագոնը դասում է ինչպես դիվանագիտական, տնտեսական և տեղեկատվական միջոցառումները, այնպես էլ ռազմական գործողությունները:
Փաստաթղթում նշվում է, որ ամբողջ աշխարհում ԱՄՆ պաշտպանության նախարարության ավելի քան 7 մլն համակարգիչներ, ինչպես նաև մասնավոր ընկերությունները մշտապես կիբերհարձակումների են ենթարկվում: Պենտագոնը կարծում է, որ այդ հարձակումների երկու հիմնական աղբյուրները Չինաստանն ու Ռուսաստանն են:
Ընդ որում, ԱՄՆ իշխանությունները ոչ մի պատասխան քայլ չեն ձեռնարկել հարձակումները կանխելու համար, ինչի պատճառով,- նշում է ռազմական գերատեսչությունը,- գնալով աճում է տուժած ընկերությունների դժգոհությունը: Մասնագետների կարծիքով՝ նրանք տարեկան կրում են միլիարդավոր դոլարների վնաս:
2011 թ. հուլիսին Պենտագոնը հայտարարեց, որ համացանցը այնպիսի վայր է հարձակողական և պաշտպանական գործողությունների համար, ինչպիսին ծովը, օդը և ցամաքը:
2011 թ. մարտին Պենտագոնը խոստովանեց, որ իրենց վրա կիբերհարձակման հետևանքով տեղի է ունեցել իրենց պատմության մեջ ամենախոշոր ինֆորմացիայի արտահոսքը:








































