«Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ չնայած այն բանին, որ ներկայում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում կանոնավոր պատարագ է մատուցվում, պսակադրություններ են կատարվում, հուղարկավորում են հանգուցյալներ, սակայն մեկուկես հազարամյակ կանգուն մնացած կոթողին սպառնում է փլուզումը:
Անողոք ժամանակի և մարդկանց բարբարոս վերաբերմունքի պատճառով լրջորեն վնասվել են եկեղեցու ձեղունը, որմերը և հիմքը:
Հոկտեմբերի 18-ին «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության հետ ստորագրել է սրբավայրի վերականգնման վերաբերյալ հուշագիր:
Այժմ հիմնադրամը սպասում է շինարարական-վերականգնողական ընկերության ընտրության մրցույթի արդյունքներին:
Հիմնադրամը հանձն է առել ֆինանսավորել վերականգնողական աշխատանքները, որոնք կտևեն շուրջ 3 տարի:
Օձունի վանքը, որը խորհրդային տարիներին վերածվել էր հացահատկի պահեստի, ապրում է մոտալուտ վերածննդի հույսով:









































