Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վրաստանի բանկի» նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը պետք է դառնա տնտեսական կենտրոն ու ձևավորի ողջ տարածաշրջանի խաղի կանոնները.
«Ռուսաստանի սահմանած բեռնարգելքը Վրաստանի ուժեղացման խթան հանդիսացավ, քանի որ երկիրը միայնակ իր ուժերով հաղթահարեց Ռուսաստանի ստեղծած արհեստական դժվարությունները։ Վրաստանը պետք է վերածվի տնտեսական կենտրոնի, անկախ խաղացողի, որն ինքն է վճռում իր ճակատագիրը, չափորոշիչներ հաստատի, հետևաբար պետք է ձևավորի նաև ողջ տարածաշրջանի խաղի կանոնները։
Վրաստանը պատրաստվում է որսալ Ռուսաստանից փախչող կապիտալը։ Կապիտալը փախչում է Ռուսաստանից, անհնար էր, որ այլ կերպ լիներ։ Այդ կապիտալը պետք է ուղղվի դեպի Վրաստան։ Մենք պետք է մեծ ցանցով կանգնենք սահմանին և որսանք Ռուսաստանից փախչող կապիտալը»։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ուռկանով ռուսական կապիտալը որսալու վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև նոյեմբերի սկզբին։








































