«Տեսակետ» ակումբի այսօրվա հյուրը ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էր, ով հրավիրվել էր` Հայաստանի տնտեսական իրավիճակի և ներքաղաքական զարգացումների շուրջ իր տեսակետները հայտնելու:
Հայաստանը որքանո՞վ է պատրաստ նոր տնտեսական ճգնաժամին, և որքանո՞վ է ՀՀ կառավարությունը դասեր քաղել տնտեսական ճգնաժամից` հարցին Վ. Խաչատրյանը պատասխանեց` այս առումով բավականին վտանգավոր իրավիճակ է, քանի որ մեր տնտեսությունը կախված է դրսից` երբ տրանսֆերտները պակասում են, այստեղ իրավիճակը լարվում է, երբ ավելանում են, աշխուժություն է սկսվում:
«Հնարավոր նոր ճգնաժամի պատրաստ լինելու համար ֆինանսական ծրագիր, պահուստներ է պետք ունենալ: Հայաստանի կառավարության պայմաններում նման բան անհնար է: Այս կառավարությունն ավելի պոպուլիստ է, քան ռեալիստ»,- նկատեց Վ. Խաչատրյանը:
ՀՀ ֆինանսների նախարարը օրերս ասել էր, թե այն մարդիկ, ովքեր հայտարարում են` աղքատությունը հասել է 60 տոկոսի, ուռճացված թվեր են ներկայացնում: Այս առիթով Վ. Խաչատրյանը նշեց. «Ես մտահոգված եմ, որ` այո, իսկապես աղքատությունը մոտենում է 60 տոկոսի`անկախ նրանից, թե Վաչե Գաբրիելյանը պաշտոնական ինչ հայտարարություններ է անում»:








































