Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը հիմարություն կամ դավաճանություն է որակում «Ժառանգություն» կուսակցության՝ երեկ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ դրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Նման գնահատական նա տվեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Լյուստրացիայի հիմքում մեծագույն հիմարություն կամ դավաճանություն է ընկած: Եթե «Ժառանգության» այս նախաձեռնությունը հիմարություն, չմտածված մի բան չէ, ապա դավաճանություն է: Ուրիշ բան ասել չեմ կարող: Ցանկացած երկրի հատուկ ծառայություն, բնականաբար, ունի իր գործակալական ցանցը՝ ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Եթե ներսում կան մարդիկ, ովքեր եղել են պետական անվտանգության համակարգում և այժմ իշխանության մեջ են, ուրեմն նրանց բացահայտումներն էլ եմ հիմարություն համարում, քանզի հարվածելու ենք ամբողջ գործակալական աշխատանքին, ցանցի ստեղծմանն ընդհանրապես: Առանց գործակալական ցանցի չկա օպերատիվ գործունեություն:
Եթե խոսում ենք բացահայտումների մասին, նվազագույնը 15-20 տարով պետք է խաչ քաշենք մեր հատուկ ծառայությունների վրա: Լյուստրացիայի հետևանքը պետականություն կորցնելն է: Դրա համար էլ ասում եմ, «Ժառանգությունը» կամ սեփական արարքները չի հասկանում, կամ էլ եթե հասկանում է, պետականադավ գործունեություն է ծավալում»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով, նման նախաձեռնություն սկսելով՝ «Ժառանգություն» կուսակցությունը երկու նպատակ է հետապնդում: «Առաջինը ընտրություններից առաջ կորցրած դիրքերի ձեռքբերումն է, որովհետև քաղաքական այդ ուժն այժմ լուսանցքից դուրս է գտնվում: Այստեղ գլխավորը հնչեղ ինչ-որ բան ասելն է, իսկ ինչը կապված է հատուկ ծառայությունների հետ, հասարակությանն այսպես թե այնպես հետաքրքրում է: Հիմա «Ժառանգությունը» խփում է հետաքրքրական հատվածներից մեկին: Սա եթե հիմարություն չէ, ապա ազգադավ գործունեություն է: Նրանք փնտրտուքի մեջ են, հետաքրքիր էլի բաներ կգտնեն ու կասեն, կաշխատեն հասարակությանը զարմացնել:
«Ժառանգությունը» երկու ճանապարհ պետք է անցնի. Նախ՝ պետք է հասարակությանը ներկայանա որպես քաղաքական ուժ և վերականգնի իր կորցրած դեմքը: Նրանց երկրորդ ճանապարհը վաղ թե ուշ իշխանություններին միանալն է, որպեսզի մնան քաղաքական դաշտում և ԱԺ-ում պատգամավորական աթոռներ ձեռք բերեն»,- ընդգծեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով, խորհրդային տարիներին լյուստրացիայի նախադեպեր չեն գրանցվել, սակայն նման դեպք 1991-1992 թվականներին միանշանակ եղել է Լեհաստանում:
Հարցին, ինչպե՞ս կարձագանքի ԱԺ-ն ընդդիմադիր կուսակցության օրենսդրական նախաձեռնությանը, ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց. «Հայաստանում ԱԺ գոյություն չունի, ԱԺ-ն մարմնավորում է Սերժ Սարգսյանը: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանն աշխատել է անվտանգությունում, հուսով եմ՝ կհասկանա ու իր մեծամասնությանը կհրամայի, որ նման հիմարությունը թողնեն անհետևանք, հետևաբար լյուստրացիան մեզ չի սպառնում»:
Նշենք, որ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն նոյեմբերի 14-ին, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` ԱԺ-ում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Սույն օրենքների նախագծերի փաթեթով, ըստ «Ժառանգության» մամուլի ծառայության, առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային` գաղտնազերծմանը, ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը: Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են. գաղտնազերծել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց: Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար և այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծումը, նրանց պաշտոնանկությունը, եթե վերջիններս նախկինում գաղտնի կամ բացահայտ համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև` կանխել այդպիսի անցյալով անձանց ղեկավար և այլ պաշտոններ զբաղեցնելու հավակնությունները: Նախատեսվում է գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց, ովքեր բացահայտվել կամ խոստովանել են հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին, ինքնակամ (կամավոր) հրաժարվել զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց:









































