ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևան ժամանած Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկիի հետ:
Է. Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը նպաստավոր հիմք է հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար` հույս հայտնելով, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Բակոնսկին նշել է, որ իր Երևան այցի նպատակն է խթանելու բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը:
Հայաստանի և Ռումինիայի արտգործնախարարները քննարկել են քաղաքական, տնտեսական, գիտակրթական և գիտատեխնիկական ոլորտներում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարևորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների և միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակում խորհրդատվությունների և փոխայցելությունների անցկացումը, ապակենտրոնացված համագործակցության խթանումը:
Է. Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ համայնքի և ռումինահայ մշակութային ժառանգության պահպանման հանդեպ Ռումինիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը, Արևելյան գործընկերության շրջանակում տեղի ունեցող գործընթացները:
Բանակցություններին Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների, այդ թվում` ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Երկուստեք վերահաստատվել է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա:









































