Այսօր Հանդուրժողականության միջազգային օրն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` մեկնաբանելով հանդուրժողականություն տերմինը հոգեբանական տեսանկյունից:
Ըստ հոգեբանի`հանդուրժող լինել նշանակում է ընդունել ուրիշի տեսակետ ունենալու իրավունքը` նույնիսկ այն դեպքում, երբ անձը դրան համաձայն չէ:
Կարինե Նալչաջյանի որակմամբ` հանդուրժողականությունը դրական երևույթ է: Նա դիտարկեց երևույթը հայ հասարակության մեջ միմյանց և այլոց նկատմամբ:
«Այլոց նկատմամբ հայ հասարակությունը հանդուրժող է: Նույնիսկ թշնամիների նկատմամբ մեր հանդուրժողականությունը մեծ է: Ադրբեջանի հասարակության մեջ հանդուրժողականությունը չի կարելի համեմատել հայ հասարակության հետ»,- մեկնաբանեց հոգեբանը:
Անդրադառնալով հասարակության ներսում միմյանց նկատմամբ հանդուրժողականությանը`հոգեբանը նկատեց, որ ցանկացած հասարակության ներսում, երբ կան սոցիալական խնդիրներ, երբ երկիրը գտնվում է ճգնաժամային փուլում, հանդուրժողականության դեֆիցիտ է նկատվում:
Հոգեբանը սա կապում է ագրեսիայի գործոնի հետ: Նա թվարկեց մի քանի գործոններ, ըստ որոնց` կարելի է հասկանալ` հասարակությունը ագրեսիվ է, թե ոչ:
«Ագրեսիայի առաջին ցուցանիշն այն է, որ միմյանցից մարդիկ օտարանում են: Եթե կա օտարման զգացողություն, ապա տեղ է բացվում ագրեսիայի համար: Մենք կտեսնենք, որ օտարման որոշակի դրսևորումների կհանդիպենք: Մյուս գործոնը պրոյեկտիվ վերագրման առկայությունն է. մենք մարդկանց վերագրում ենք այն բացասական հատկանիշները, որոնք այդ մարդը չունի:
Եթե մարդը հակված է ուրիշներին վերագրել բացասական հատկանիշներ, ուրեմն այդ հասարակության մեջ մեծ է ագրեսիան»,- նշեց Կարինե Նալչաջյանը` մեկ այլ ցուցանիշ համարելով համազգային նպատակների թուլացումը: Ըստ նրա`հայ հասարակության մեջ այս երևույթը ևս առկա է:
Հոգեբանը նաև նկատեց. «Բռնի գործողությունների և հանցագործությունների աճը ագրեսիայի ամենացայտուն ցուցանիշն է: Վերջին շրջանում Հայաստանում շատացել են սարսափելի դեպքերը, ինչը նշանակում է, որ տվյալ հանրույթում մեծ է ներխմբային ագրեսիան»:










































