Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հանդես է եկել Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Ինջիրլիքի ռազմաբազայում ամերիկյան Predator («Գիշատիչ») անօդաչու հետախուզական ինքնաթիռների տեղակայման վերաբերյալ հայտարարությամբ.
«Predator-ներն Իրաքից ուղարկվել են Ինջիրլիքի ավիաբազա։ Դա տեղի է ունեցել Թուրքիայի խնդրանքով՝ հաշվի առնելով, որ մինչև տարեվերջ ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն Իրաքից։
Ինջիրլիքում տեղակայված 4 Predator-ները հետախուզական աջակցություն են ցուցաբերելու թուրքական բանակին իր հարավային սահմաններում ահաբեկչության (Քրդստանի աշխատավորական կուսակցություն, PKK) դեմ պայքարում։ Թուրքիան երկար ժամանակ Predator-ների միջոցով հետախուզական տվյալներ է ստացել Հյուսիսային Իրաքում PKK-ի գործունեության վերաբերյալ։
Ներկայումս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել այդ հարցում, պարզապես փոփոխվել է Predator-ների տեղակայման բազան. եթե նախկինում նրանք բազավորված էին Իրաքում, ապա այժմ՝ Թուրքիայում»։
Հիշեցնենք, որ Թուրքիան իրավունք չունի իր տարածքում տեղակայված ամերիկյան այդ Predator-ներն ուղղել երրորդ երկրի դեմ։








































