««Ինտեր ՌԱՕ» կազմակերպությանը պատկանող «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը բարեհաջող կկարգավորվի, բայց դրա համար ժամանակ է հարկավոր»,– հայտարարել է նշված կազմակերպության ղեկավար Բորիս Կովալչուկը, հավելելով, որ իրենք սկսել են այդ ընկերությունում կարգուկանոն հաստատել: Այս մասին հայտնում է Oilru.com–ը։
«Իրավիճակը Հայաստանում բավական լարված է, այնտեղ խուզարկություններ են սկսվել: Մենք անցել ենք այդ ընկերությունում կարգուկանոնի հաստատմանը, հեռացրել ենք թոփ-մենեջերին, բացահայտել մի շարք խախտումներ, սկսել ենք համակարգված կերպով դրանով զբաղվել եւ այդ ընթացքում մեծ թվով տարբեր խմբերի շահերին ենք դիպել»,-ասել է Կովալչուկը, ընդգծելով, որ այս իրավիճակի մասին իրենք տեղյակ են պահել Հայաստանի ղեկավարությանը:
«Երկրի կառավարությունը մեզ աջակցեց, բայց միշտ կան նրբություններ: Մենք դրան հանգիստ ենք վերաբերում: Իրավիճակը կարգավորելու համար ժամանակ է պետք: Հարցին, թե երկա՞ր է այս վիճակը շարունակվելու, չեմ կարող պատասխանել, խնդիրը մեծ է, բայց մենք այն կլուծենք: Մենք լիովին բավարարված ենք Հայաստանի նախագահի կողմից ցուցաբերվող աջակցությամբ»,- նշել է նա:
ՀՀ ՊԵԿ–ը ստուգումներ է անցկացրել «Հայկական էլեկտրացանցեր»–ում և պնդում է, որ ընկերությունը խուսափել է հարկերից՝ 1,9 մլրդ դրամ պակաս մուծելով բյուջե։









































