Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական
գործ է հարուցվել Արմենիա Մարիոտ հյուրանոցում նոյեմբերի 14-ի երեկոյան
տեղի ունեցած դեպքի կապակցությամբ: ՀՔԾ-ում նոյեմբերի 14-ի միջադեպի առիթով քրգործ է հարուցվել Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա:
Համբարձումյանը նոյեմբերի 15-ի առավոտից ՀՔԾ էր
հրավիրվել և այնտեղ էր գտնվում մի քանի ժամ շարունակ: ՀՔԾ-ն
հայտնում է, որ Սիլվա Համբարձումյանին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է փորձաքննության ենթարկվել՝ պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: ՀՔԾ-ն տեղեկացրել է նաև, որ Համբարձումյանը հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել դեռևս նոյեմբերի 10-ի մամուլի ասուլիսի վերաբերյալ հրապարակումների հիման վրա
նախապատրաստվող նյութերի շրջանակներում:
Համբարձումյանը Սյունիքի մարզպետին գողության մեջ էր մեղադրել այդ ասուլիսի ընթացքում:









































