Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Չանքայա նախագահական նստավայրում ընդունել է Հունգարիայի նախագահ Պալ Շմիդտին։
Հանդիպման ժամանակ Գյուլը նշել է, որ Թուրքիայի ու Հունգարիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 2 միլիարդ դոլար։ Գյուլն ընդգծել է, որ Պալ Շմիդտը վերջին 9 տարիներին (Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության ժամանակաշրջանում) Թուրքիա այցելած Հունգարիայի առաջին նախագահն է։
Գյուլը հավելել է, որ երկու երկրներին միմյանց է կապում Nabucco գազատարի նախագիծը։ Գյուլը շնորհակալություն է հայտնել ոչ վաղ անցյալում ԵՄ նախագահությունը ստանձնած Հունգարիային՝ Թուրքիայի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ Թուրքիան եվրոպական մի շարք չափորոշիչներին ավելի շատ է համապատասխանում, քան ԵՄ անդամ որոշ երկրներ։ Գյուլն այդ նպատակով մեջբերել է մի շարք տնտեսական ցուցիչներ։
Հիշեցնենք, որ Պալ Շմիդտը Թուրքիա է այցելել Ադրբեջանից։









































