Քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Իջևանի քաղաքապետի ընտրությունը, որտեղ, ինչպես հայտնի է, ԲՀկ թեկնածուն հաղթեց ՀՀԿ թեկնածուին: Մի կողմից նկատելի է, որ տեղի է ունեցել մի ոչ սովորական բան, մյուս կողմից, սակայն, առաջին անգամ չէ, որ ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածուն հաղթում է ՀՀԿ թեկնածուին: Բայց ներկայիս իրավիճակը, բնականաբար, առանձնահատուկ ուշադրության է արժանացել այն պատճառով, որ առանձնահատուկ է ներիշխանական իրավիճակը, և նորերս է, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կարծես թե պարզել են իրենց հարաբերություններն ու պայմանավորվել, որ խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ն առաջատարն է լինելու, իսկ ԲՀԿ-ն բավարարվելու է երկրորդը մնալու հեռանկարով:
Երբ այս գլոբալ պայմանավորվածությունը կա, ինչը օրերս վերհաստատվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկայնի հարցազրույցի հրապարակումով, արդեն կարծես թե այնքան էլ էական չի դառնում Իջևանի դրվագը: Այն ընդամենը կարող է լինել գլոբալ պայմանավորվածությունը սպասարկող մի բաղադրիչ: Չի բացառվում, որ դա բուն իմաստը կերևա ավելի ուշ: Բայց հնարավոր է նաև, որ այդ ամենը չուներ առանձնապես հեռուն տանող քաղաքական իմաստ: Բոլոր դեպքերում, Հայաստանում իրավիճակը, ըստ էության, չի փոխվել: Հազիվ թե ԲՀԿ-ն 11-րդ Կարմիր բանակի օրինակով Իջևանից մտնի Հայաստան և իր տիրապետությունը հաստատի այստեղ:
Ժամանակակից Հայաստանում գործում են բոլորովին այլ կանոններ: Ավելին՝ ժամանակակից Հայաստանում, թերևս, կանոն է դարձել անկանոնությունը: Այսինքն՝ տպավորություն է, որ Հայաստանում կազմակերպված անկանոնության քաղաքականություն է իրականացվում, երբ զարգացումները կարող են շեշտակիորեն փոխել իրենց վեկտորները: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը դա է կիրառում որպես մարտավարություն, որովհետև ավելին, այսինքն՝ կանոնավոր զարգացումը, պահանջում է վերահսկողության առավել մեծ ռեսուրսներ:
Սերժ Սարգսյանը ներկայումս չունի այդ ռեսուրսները, առավել ևս, որ Հայաստանում ներկայումս նա ունի առավել շատ դիմադրության օջախներ, քան երբևէ նրա նախորդներից որևէ մեկը` Տեր-Պետրոսյանը, թե Քոչարյանը: Այդ պայմաններում Սերժ Սարգսյանը թերևս չունի այլ ելք, քան, այսպես ասած, «Բրոունյան շարժումով» կառավարել իրավիճակը, երբ մոլեկուլներին տրվում է շարժման մաքսիմալ ազատություն՝ պայմանով, որ նրանք չեն հավակնելու մոլեկուլից ավելի կարգավիճակի:
Սերժ Սարգսյանն այդպես պետք է ժամանակ շահի, մինչ վերջնականապես կկարողանա հավաքել կամ ստեղծել իր իշխանական փոշեկուլն ու հավաքել, այսպես ասած, ազատություն ստացած մոլեկուլներին: Իհարկե, դա նրան չի ապահովագրում վտանգներից, որովհետև եթե մոլեկուլները շարժման այդ թվացյալ ազատությունից և անվերահսկողությունից գլխապտույտի մեջ չհայտնվեն, ապա կարող են, «Բրոունյան շարժմանը» տրվելու փոխարեն, ձևավորել իրենց իրապես հզոր շարժումը, ինչի արդյունքում Սերժ Սարգսյանը կարող է իսկապես լուրջ խնդիրների առաջ կանգնել: Նա դրանից խուսափում է ոչ միայն իր մարտավարական հաշվենկատության, այլ, թերևս, նաև ընդհանրական դաշտում գերակշռող մոլեկուլյար ինքնագիտակցության շնորհիվ:







































