Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում կարող են բանակ չզորակոչել ընտանիքի միակ զավակին։ Այս կապակցությամբ Ադրբեջանի խորհրդարանը քննարկել է «Զինծառայության զորակոչելու մասին» օրենքում ուղղումներ մտցնելու հարցը։
Պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆան հայտնել է, որ վիճակագրական տվյալները վկայում են, որ երկրում այնքան էլ շատ չեն մեկ երեխա (տղա) ունեցող ընտանիքները, ինչը նշանակում է, որ նրանց բանակ չզորակոչելու հարցի լուծումն իրատեսական է։
Մուսթաֆան այս հարցը որակել է որպես չափազանց այժմեական՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, թե որքան աղետալի կլինի ընտանիքի միակ երեխայի կորուստը։
Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանը մտադիր է կրկնակի անգամ կրճատել իր 4 զորակոչերի քանակը՝ դրանք հասցնելով 2-ի, ինչպես նաև 1.5 տարի կազմող զինծառայության ժամկետը (բարձրագույն կրթություն ունեցողների համար՝ 1 տարի) երկարացնել 6 ամսով (բարձրագույն կրթություն ունեցողների համար՝ 1.5 տարի)։







































