Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղական ժամանակով ժամը 14.00-ին մոտ Բաքվի քաղաքապետարանի մերձակայքում ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել և ծեծի է ենթարկել տասնյակ երիտասարդ ակտիվիստների։
Ադրբեջանցի ընդդիմադիրներն իրենց բողոքի ակցիան ուղղել են ապրիլի 2-ին Բաքվում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցելու պատճառով բանտում հայտնված քաղբանտարկյալների ազատարձակմանը։
Ակտիվիստները նաև մտադիր էին քաղաքապետարանից պահանջել ազատ հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիական իրավունքը։ Նրանք առաջ են քաշել «Վերականգնել ազատ հանրահավաքների անցկացումը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսները։
Նշվում է, որ ադրբեջանական ոստիկանությունն այսօր նույնպիսի դաժանություն է ցուցաբերել մի շարք լրագրողների նկատմամբ՝ ուժ կիրառելով նրանց դեմ։ Ականատեսների վկայությամբ՝ բուն պիկետի մասնակիցներին ծեծի են ենթարկել ոտքերով։
Ձերբակալվածների թվում են հայտնվել նաև Ադրբեջանի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահն ու կուսակցության խորհրդի անդամը։
Հիշեցնենք, որ այսօր իր հարավկովկասյան շրջագայության շրջանակներում Ադրբեջան է այցելել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, որին ադրբեջանական ընդդիմությունը նախապես դիմել էր ժողովրդավարությունը գազով չփոխելու խնդրանքով։











































