Իսրայելի կառավարությանը մոտ կանգնած DEBKA հետախուզական կայքի
փոխանցմամբ՝ Իրանն արդեն 2012 թվականի ապրիլին ունենալու է 5 միջուկային ռումբ։ Դա նշանակում է, որ տվյալ խնդրի ռազմական լուծման համար մնում է ընդամենը 2-3 ամիս ժամանակ։
Իսրայելական կայքը նշում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տրամադրության տակ եղած հետախուզական տվյալները վկայում են, որ, արդեն ապրիլի դրությամբ, Իրանն ունենալու է 5 միջուկային ռումբ կամ մարտագլխիկ։
Դա խոսում է այն մասին, որ տվյալ ժամանակ ռազմական գործողություններ ձեռնարկելը Պարսից ծոցի ողջ տարածաշրջանում ռադիոակտիվ աղտոտման մեծ ռիսկ է պարունակում։ Այստեղ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Պարսից ծոցը հանդիսանում է աշխարհի գլխավոր էներգետիկ աղբյուրը։
DEBKA-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ Իրանի հանդեպ սահմանված կոշտ պատժամիջոցները չեն դանդաղեցնում նրա կողմից միջուկային ռումբ ստեղծելու գործընթացը, ինչը հաստատվում է ԱԷՄԳ-ի վերջին զեկույցով։
Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դրանք մեծ վնաս են հասցրել Իրանի տնտեսությանը։ Ի դեպ, Օբաման առաջին անգամ խոստովանեց, որ միջուկային զենքով Իրանը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ԱՄՆ-ի համար։ Հատկանշական է, որ մինչ այդ ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարություններում նշվում էր, որ Իրանը սպառնում է ամերիկյան տարածաշրջանային շահերին ու ազդեցությանը։








































