Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է կիրակի օրը Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ դրանք որակելով որպես կեղծ ժողովրդավարական խաղ։
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն՝ ընդգծելով, որ այդ ընտրության արդյունքները որևէ նշանակություն չեն ունենա Վրաստանի և միջազգային հանրության համար.
«Խոսքը խամաճիկային մեկ ռեժիմը մյուսով փոխարինելու մասին է։ Այդ ընտրությունները տեղի են ունեցել մի տարածքում, որի բնակիչների 2/3-ը զրկված է դրանց մասնակցելու հնարավորությունից։ Միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա տվյալ փաստին»։
Հիշեցնենք, որ երեկվա ընտրությունների արդյունքում 11 թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել քվեների կեսը, ուստի նոյեմբերի 27-ին պետք է տեղի ունենա երկրորդ փուլը, որին մասնակցելու են Ալլա Ջիոևան, որը երեկ ստացել է ձայների 24.6 տոկոսը և Կոկոյտիի ռեժիմի հակառակորդն է, և Անատոլի Բիբիլովը, որը երեկ ստացել է քվեների 23.8 տոկոսը և Մոսկվայի դրածոն է։









































