Ռասմուսենի այցը կարելի է ուշագրավ համարել այն առումով, որ նշյալ այցից առաջ և թե բուն այցի օրերին և՛ վրաց պաշտոնյաների, և՛ միջազգային հանրության կողմից նոր թափ ստացավ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը և մասնավորապես դրա դիտարկումը 2012թ. մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովում: Բաթումում տեղի ունեցած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համատեղ մամլո ասուլիսում Ռասմուսենը չբացառեց, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը կարող է դիտարկվել 2012թ. մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովում… Ռասմուսենի խոսքերով՝ մինչ այդ կա կես տարի, և այդ ընթացքում Վրաստանը հնարավորություն է ստանում է՛լ ավելի մոտենալու ՆԱՏՕ-ին անդամակցությանը… Հերթական անգամ ընդգծելով, որ Վրաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին՝ Ռասմուսենը նշեց, որ դրա համար Վրաստանը դեռ անելիքներ ունի, ինչը մասնավորապես վերաբերում է անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը. «Վրաստանը պետք է նաև առաջընթաց գրանցի երկրի պաշտպանական ոլորտում… Վրաստանը պետք է նաև շարունակի իր դատական բարեփոխումները և լուրջ աշխատանքներ տանի Ընտրական օրենսգրքի ու օրենքի գերակայության բարելավման ուղղությամբ»…
Ռասմուսենի այցը Թբիլիսի առհասարակ ներկայացուցչական էր. նա հանդիպեց երկրի նախագահին, վրաց խորհրդարանականների և խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի, ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի, ընդդիմադիր կուսակցությունների, ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների հետ… Ռասմուսենը Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի թբիլիսյան նիստում ամրագրեց, որ Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որում որոշվեց, որ Վրաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին, Վրաստանն իրականացրել է բազմաթիվ հաջող բարեփոխումներ. «Վրաստանն այդ բարեփոխումների շնորհիվ մոտեցել է ՆԱՏՕ-ին, չնայած դեռ պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի հասարակական, ռազմական ու դատական ոլորտներում… Նույն նիստում վրացական պատվիրակության ղեկավար Նիկա Գիլաուրին ընդգծեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը ոչ թե մեկ կուսակցության ցանկությունն է, այլ ժողովրդի կամքը. «Բազմաթիվ հետազոտություններն ու հարցախույզները ցույց են տվել, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելուն կողմնակից է երկրի բնակչության մոտ 80 տոկոսը»:
Խիստ ուշագրավ էր ՆԱՏՕ-ի պատվիրակության կազմում Վրաստան ժամանած Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հայտարարությունը. «ՆԱՏՕ-ն դրական է գնահատում վերջին շրջանում Վրաստանի իրականացրած բարեփոխումները… Այդ բարեփոխումների շնորհիվ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դարձել է անխուսափելի… ՆԱՏՕ-ն որոշում է ընդունել Վրաստանի անդամակցության մասին»…
ՆԱՏՕ-ականների հայտարարություններին զուգընթաց վրաց իշխանությունները չեն թաքցնում իրենց գոհունակությունը և մի նոր եռանդով են խոսում երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունների և ժամկետների մասին: Մ.Սաակաշվիլին Բաթումում տեղի ունեցած Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստում նշեց. «Վրաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և այդ ճանապարհն ամենևին էլ հեշտ չէ… Սակայն այդ հարցում Վրաստանին ոչինչ չի կանգնեցնի… Վրաստանը երբեք ՆԱՏՕ-ին այսքան մոտ չի գտնվել, որքան այսօր… Բազմադարյա պատմության ընթացքում մենք երբեք այսքան մոտ չենք գտնվել մեր դարավոր ձգտմանը… Մենք արդեն կարող ենք շոշափել մեր դարավոր երազն ու ձգտումը՝ Եվրոպական տունը, այս դեպքում՝ եվրատլանտյան տիրույթը… Դա վրաց ժողովրդի վաղեմի բնազդն է՝ գտնվել մեծ, քաղաքակիրթ եվրոպական միավորման, այս դեպքում՝ եվրատլանտյան միավորման կողքին»… Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն Ռասմուսենի հետ հանդիպումից հետո համատեղ մամլո ասուլիսում նշել է, որ Վրաստանն այսօր ՆԱՏՕ-ին ավելի մոտ է, քան երբևէ. «Հուսով եմ, որ Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև մերձեցման գործընթացը կշարունակվի և կավարտվի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությամբ, ինչը հաստատված է 2007թ. Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընդունած բանաձևով»… Իսկ Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատվին կազմակերպված ճաշկերույթից հետո նկատեց. «ՆԱՏՕ-ին անդամակցելն ապահովում է ոչ միայն անվտանգություն ու ժողովրդավարության զարգացում, այլև երկրի տնտեսական ավելի արագ զարգացում… Այդպիսի օրինակներ մենք շատ ենք տեսել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, որոնք այդ կառույցին անդամակցելուց հետո արագորեն զարգացրել են իրենց տնտեսությունը… Տնտեսական աճն իր հերթին նպաստում է ներդրողների հետաքրքրության աճին, քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելով երկրում հաստատվում է անվտանգ ու ազատ առևտրի ռեժիմ»…
«Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեի հետ: Նրան խնդրեցինք գնահատել ՆԱՏՕ-ին` Վրաստանի անդամակցության հարցի դիտարկումը 2012թ. մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովում… «Աստված տա, որ ձեր ասածը իրականություն դառնա, բայց այս հարցում ես զգուշավոր լավատեսություն ունեմ, քանի որ մենք շատ մոտ էինք անդամակցությանը նաև 2007թ. Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, բայց չստացվեց, այնպես որ` միանգամից, որ մեզ ընդունեն հաջորդ տարի մայիսին ՆԱՏՕ` ես քիչ հավանական եմ համարում: Սակայն այն, ինչ արձանագրված է և՛ մեր, և՛ Բրյուսելի դիրքորոշումներում, հստակ է` Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց ամեն ինչ կախված է Վրաստանում տեղի ունենալիք բարեփոխումների ընթացքից` ժողովրդավարական արժեքների ուղղությամբ: Առաջին հերթին դա վերաբերում է ազատ դատական համակարգին: Սկզբունքորեն` դատելով Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնական հայտարարություններից, Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ամենահեռանկարային թեկնածուն է: Իսկ թե երբ դա տեղի կունենա` ոչ ոք հստակ չի կարող ասել»:
Մեր զրուցակցին «Առաջին լրատվական»-ը նաև հարցրեց, թե հնարավո՞ր է, որ Արևմուտքը և Ռուսաստանն այս փուլում համաձայնության եկած լինեն` ԱՀԿ-ին ՌԴ-ի անդամակցության և Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության հարցերում: «Ասում են չէ՞, «քաղաքանության մեջ ոչինչ չպետք է բացառել»: Բայց ես չեմ կարծում, թե նման համաձայնություն կայացած լինի Մոսկվայի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև, որովհետև նման ֆորմալ անհրաժեշտություն չկա, ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ Մոսկվայի հավանության վերաբերյալ պահանջ չկա, ուստի նման հնարավոր համաձայնությունը նույնիսկ վիրավորական կլիներ ՆԱՏՕ-ի նման հզոր ռազմա-քաղաքական կառույցի համար»,- նկատեց Սոսո Ցինցաձեն:









































