Վաղը Իջևանում քաղաքապետի ընտրություններ են: Միմյանց դեմ թեժ պայքարի են դուրս գալու գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը և ԲՀԿ-ից Վարդան Ղալումյանը՝ իրենց կողմնակիցներով հանդերձ: Ղալումյանը երկար տարիներ ապարդյուն պայքարել է քաղաքապետին պաշտոնանկ անելու համար, ինչի արդյունքում զրկվել է ավագանու անդամ լինելուց:
Ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները իջևանցիների շրջանում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Ղալումյանի միակ դժգոհությունն այն է, որ քաղաքապետը, օգտագործելով իր վարչական լծակները, ճնշումներ է գործադրում ենթակաների վրա: Այնինչ գործող քաղաքապետի դժգոհությունները ԲՀԿ-ական թեկնածուից անթիվ էին ու անհամար: ԲՀԿ-ական թեկնածուն երեկ ամբողջ օրվա ընթացքում զբաղված էր և անհասանելի, իսկ նրա օգտին իր ելույթներով գործին լծված Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նշեց, որ ընտրախախտումները քաղաքապետի կողմից ընտրություններից հետո կերևան, հետևաբար հիմա ոչինչ ասել չի կարող: Անպատասխան թողեց նաև այն հարցը, թե ինչու և ինչի դիմաց է լծվել ԲՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին:
Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախ տարբեր լրատվամիջոցներով ԲՀԿ-ական թեկնածուն փորձում է վարկաբեկել, ցեխ շպրտել, սևացնել թեկնածուին, ոչ թե քարոզարշավ անցկացնել: «ԲՀԿ-ն, իր հեռուսատեսությամբ օգտագործելով մարքսիստին, փորձում է սևացնել ինձ: Պատերացրեք քաղաքային զբոսայգու վերանորոգումները, քանդակների տեղաբաշխումը, նստարանների տեղադրումը, լուսավորությունը… բոլոր իմ կատարած աշխատանքները, այնտեղ տեղադրված խաղահրապարակները նկարում են և ներկայացնում` որպես թե անցյալում այսպես է եղել և ներկայումս ավերակ է: Գոնե իմ կատարած աշխատանքները այդպես չներկայացնեն:
Բացի այդ, խմբերով շրջում են տներում, մարդկանց ցուցակագրում և ցուցակներ կազմում` ալյուր, գումարներ բաժանելու համար: Արդեն տարբեր խմբերի ծրարներով գումարներ են տվել՝ տարբեր տեղեր գումար բաժանելու, հաց ուտելու, հյուրասիրություններ կազմակերպելու համար: Տաքսիստներին, օրինակ՝ Օթարյան Գառնիկին 110 հազար դրամ են տվել, և այսպես շարունակ, որ գնա և հաճախորդներին, մյուսներին քարոզի, որ աշխատեն հօգուտ ԲՀԿ-ի: Իսկ մարքսիստը աշխատում է հօգուտ ԲՀԿ-ի: Շրջում է և ելույթներ ունենում»,-մանրամասնեց Իջևանի քաղաքապետը:
Մեր հարցին, թե ինքն այս տարիների ընթացքում արած գործեր չունի՞, որ չեզոքացնի նրանց հակաքարոզչությունը, պատասխանեց. «Ունեմ և այսօր դրա մասին խոսելու եմ և իմ արած գործերը ներկայացնելու եմ բնակչությանը: Բայց ներկա պահին նրանց գործելաոճը դա է: Իսկ իմ կատարած աշխատանքը ակնառու է քաղաքում»: Մեր դիտարկմանը, թե ակնհայտ է, որ ԲՀԿ-ական թեկնածուն ունի իր կուսակցության հովանավորությունը, իրեն ՀՀԿ-ից չե՞ն հովանավորում, թե՞ հրաժարականների ֆոնին մոռացել են իր մասին՝ ավելացրեց. «ՀՀԿ-ի տարածքային կառույցը մի քանի օր առաջ որոշում կայացրեց ինձ աջակցելու, սատարելու մասին, և դա է աջակցությունը կուսակցության մասով»: Հարցին, թե ֆինանսական աջակցություն չի՞ եղել, որ ինքն էլ ընտրակաշառք բաժանի` պատասխանեց. «Բացարձակ դրա մասին խոսք լինել չի կարող, որովհետև ես այս տարիների ընթացքում առիթ չեմ տվել, որ նման աջակցություն ցուցաբերեն»: Նաև հերքեց հակառակորդ կողմի այն հավաստիացումները, որ վախեցնում է իր ենթականերին:
«Ժամանակ»









































