Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում տարածված այն լուրը, իբր Իսրայելը պատրաստվում է ռմբակոծել Իրանը, չի համապատասխանում իրականությանը:
Ինչպես հայտնում է NEWSru Israel-ը, Լիբերմանը հարցազրույցի ժամանակ հրաժարվել է «մեկնաբանել իրանական թեմայի շուրջ շատախոսությունները» և հավելել է, որ «այդ անպատասխանատու շատախոսությունը իր մեջ իրական վտանգ է պարունակում»:
Սա Լիբերմանի պատասխանն էր իսրայելական «Հաարեց» թերթին, որը լուրեր էր տարածել, իբր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յեհուդ Բարաքը ակտիվորեն համոզում են իրենց գործընկերներին աջակցել իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծման նախագծին և արդյունքում կարողացել են համոզել Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանին:
Իր հերթին՝ բրիտանական The Guardian թերթը նոյեմբերի 3-ին հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների ծրագիր է նախապատրաստում այն պարագայի համար, եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հրթիռային հարված հասցնեն Իրանի ուղղությամբ: