ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում կայացած ամերիկա-թուրքական խորհրդի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում կայունությունն ամրապնդելու համար պետք է լավացնի հարաբերությունները Իսրայելի հետ:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, բացի արտաքին քաղաքականությունից, Քլինթոնը խոսել է նաև Անկարայի` տնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների մասին` 10 տարվա ընթացքում ունեցած եռակի տնտեսական աճը անվանելով «թուրքական հրաշք»:
Հիշեցնենք, որ Քլինթոնի այցը Ստամբուլ հետաձգվել է 92-ամյա մոր հիվանդության պատճառով: Ստամբուլում տեղի է ունենալու Աֆղանստանի անվտանգության թեմայով համաժողով:
Պետք է նշել, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, համաձայնել է մասնակցել աֆղանական քարոզարշավին, սակայն նրա առաքելությունը տրված է քաղաքացիական հարցերով մասնագետներին:









































