Ռուսթավի-2 հեռուստաընկերության փոխանցմամբ` Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն հայտարարել է, թե Շվեյցարիան հանդես կգա որպես երրորդ կողմ Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցության վերաբերյալ ռուս-վրացական պայմանագրում:
Սերգի Կապանաձեի խոսքով` այս հարցը երեկ քննարկվել է Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի Ռեյի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Բաթումում կայացած հանդիպմանը: «Շվեյցարիան պատրաստ է երրորդ կողմ դառնալ ԱՀԿ-ի հարցում Ռուսաստանի և Վրաստանի միջև պայմանագրում, և Շվեյցարիայի հովանու ներքո ռուս-վրացական սահմանին պետք է աշխատեն միջազգային դիտորդներ: Վրաստանի և Շվեյցարիայի նախագահների բանակցություններում հստակեցվել է, թե ով է լինելու այդ համաձայնագրի երրորդ կողմը, ինչը կարևոր է հանգամանք է: Այդ երրորդ երկիրը, որի հովանու ներքո գործելու են միջազգային դիտորդները, Շվեյցարիան է»,- ասել է Ս. Կապանաձեն:
Հիշեցնենք, որ նախկինում նշվում էր, թե որպես երրորդ կողմ կարող է հանդես գալ Եվրամիությունը:
Ս. Կապանաձեն այսօր հերքել է տեղեկությունները, թե իբր փաստաթղթում վերջին պահին փոփոխություններ են մտցվել հօգուտ Ռուսաստանի, և հաստատել, որ տեքստը, որը շվեյցարական կողմը ներկայացրել է Վրաստանին նախորդ օրերին, և որին վրացական կողմը իր համաձայնությունն է տվել, մնում է անփոփոխ:
Նկատենք, որ բանակցային հաջորդ ռաունդը տեղի կունենա նոյեմբերի 9-10-ը, և այդ ընթացքում Ռուսաստանը պետք է որոշակիացնի շվեյցարական միջնորդության նկատմամբ իր վերաբերմունքը:






































