«Բազմաթիվ են այն դեպքերը երբ ՀՀԿ ղեկավարներն անում են մի արտահայտություն, որը հետո հերքելու կամ պարզաբանելու կարիք է առաջանում: Սա կամ նշանակում է, որ նրանք անզգույշ բաներ են ասում, կամ էլ սկանդալ առաջացնելու համար են անում», – այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի այն արտահայտությանը, թե ով ՀՀԿ-ի հետ չէ կկանգնի կոտրած տաշտակի առաջ:
«Տաշտակը թող մնա իրենց ու իրենց բարեկամներին: Վարչապետն իրենց հետ համագործակցողների և չհամագործակցողների միջև տարբերություն է դնում: ՀՀԿ-ի համար համագործակցությունը հլու-հնազանդվելն է, չքննադատելը, իսկ սխալներ մատնանշողը և վերլուծություններ ներկայացնողը դիտվում է որպես թշնամի, բայց մենք թույլ չենք տալու որևէ մեկին հեզասահ կառավարելու: Այն համագործակցությունը, որը մատնանշում է վարչապետը, համագործակցություն չէ, այլ ենթարկվելու մեխանիզմ: Կոալիցիոն ուժերին էլ պարտադրել են ընդունել ՀՀԿ-ի գերակայաությւնը: Մի տեղ (նկատի ունի կոալիցիոն հուշագիրը-խմբ.) որտեղ նշվում է, որ կուսակցական պայքար չի լինելու․․․ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Սա մեր կուսակցության և հասարակության համար ընդունելի չէ: Հասարակությունը պետք է կոտրի ոմանց տաշտակը: Հայաստանում «ջարդող-փշրող» մարդիկ կան, սակայն ծայրահեղ գործողությունների գնալու պատրաստների թիվը շատ աճել չի կարող»,- նկատեց պատգամավորը`հավելելով, որ եթե իշխանությունների գործողություններում ամեն ինչ ճիշտ լիներ, Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ժամանակավոր անդամ չէր ընտրվի, հայ-թուրքական գործընթացն այսպիսի վիճակում չէր հայտնվի և այլն: «Մեր խորհուրդները կլսեին, Հայաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ից իր թեկնածությունը չէր հանի: Դա բոլորվին ուրիշ պատկեր առաջացներ, ՄԱԿ-ում կհիշեին, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են: Արդյունքում իշխանությունը փորձում է համոզել հասարակությանը, որ սա մտահոգվելու առիթ չէ: Ցավալի է, բայց շուտով դրա դառը պտուղները կտեսնենք: Ի վերջո, մեր իսթեբլիշմենթը միանձնյա որոշումներ է կայացնում, մինչդեռ կարող էր լսել իր ընդդիմախոսներին: Պետք է լսել մարդկանց, ովքեր այդ հարցերում մի փոքր ավելի փորձ ունեն»,- նկատեց ՀՅԴ պատգամավորը:
Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի գործունեությանը, նկատեց, որ եթե մեկ տարի առաջ քաղաքական այդ ուժը խոսում էր «բոլորին քշելու» և արտահերթ ընտրությունների անցկացման մասին, ապա այժմ խոսում է հերթական ընտրություններին մասնակցելու մասին: «Թող գնան ու մասնակցեն»,- ասաց պատգամավորը:









































