«Հայաստանում ներքաղաքական վիճակը լարված է և լարված է մնալու մինչև ընտրությունները, քանի որ հանրապետությունը ծանրագույն իրավիճակից դուրս բերելու ընդունակ թիմ այդպես էլ մեր երկրում չձևավորվեց»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Իշխող կոալիցիան իր ներքին հակասությունների պատճառով չի կարող շրջադարձային գործողություններ իրականացնել: ՀՀԿ-ն, իր հերթին, որքան էլ ցանկանա իրականությունը փոխել, նրա ձեռքերը ևս կապված են: Մենք հասարակական ֆորմացիայի փոփոխման շեմին ենք և, ելնելով այս իրավիճակից, ՀՀ նախագահին կից մարմին պետք է ստեղծվի` հակաճգնաժամային քայլերի դաշինք, որի մեջ ընդգրկված մարդիկ պետք է առնվազն երկու տարվա ծրագիր մշակեն` համատեղ ուժերով երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, ընդ որում, այդ մարդկանց ծրագրային համագործակցությունը չպետք է մեխանիկական բնույթ կրի: Այս պահին իրավիճակը փոխելու համար ոչ տրիվիալ քայլեր են անհրաժեշտ»,- նկատեց Սարգսյանը:
Նա նաև նկատեց, որ ՀԱԿ-ին միայն ՀՀԿ-ն է կարևոր նշանակություն տալիս, մինչդեռ հասարակությունը` ոչ: «Իշխանությունն այդպես ուզեց `առավել կարևորել նրա դերը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանց մասնակիցների համար արդեն իսկ անհավասար պայմաններ են դրված: Խոսքը չարաբաստիկ ութ միլիոն դրամի և հեռուստատեսությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին է, որը բերում է ահռելի ծախսերի: Այս պարագայում, իհարկե, գաղափարական կուսակցությունները տուժելու են: Հավասար պայմաններ ստեղծելու համար վերոնշյալ դաշինքի կազմավորումն ուղղակի անհրաժեշտություն է»,- կրկին շեշտեց Արամ Սարգսյանը` նկատելով, որ իր կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին , սակայն, թե ինչ ձևաչափով` կորոշվի ավելի ուշ:
«Մեր մասնակցությունը պարտադրված է:Մենք արդեն քսան տարի սոցիալ-դեմոկրատական ծրագիր ունենք, այն թարմացնում և արդիականացնում ենք: Մենք գտնում ենք, որ ստվերից, օլիգարխիայից, մենաշնորհից ազատվելու դեպքում լրիվ ուրիշ` սոցիալական արդարության ճանապարհով կգնայինք և հենց դա էլ առաջարկում ենք մեր ծրագրով»,- ընդգծեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարը:
Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր հերթին, չհամաձայնելով ընդդիմախոսի հայտնած այն մտքի հետ, որ երկրում վիճակը լարված է, նկատեց, որ քաղաքական գրեթե բոլոր ուժերը, այդ թվում` ՀԱԿ-ը նախապատրաստվում են հերթական ընտրությունների: «Որոշ լարվածություն, իհարկե, կա, սակայն քաղաքական կյանքը մտնում է իր բնականոն հուն: Ընտրություններին հաջողությունների հասնելու համար ուժերը փորձում են օգտագործել զինանոցում ունեցած իրենց զենքերը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը` զերծ մնալով, սակայն, կանխատեսել, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմին հատկապես որ քաղաքական ուժերը կանցնեն:
Սահակյանը նաև տեղեկացրեց, որ կուսակցության խորհրդի նիստը տեղի է ունենալու միայն այսօր գիշերը, և խոսակցությունները, թե արդեն իսկ պարզ է` ով է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետն, իրականությանը չեն համապատասխանում:
Իր հերթին, անդրադառնալով խորհրդարանում տեղ զբաղեցնելիք կուսակցություններին, Սարգսյանը նկատեց, որ ԱԺ-ում պետք է հայտնվեն բացառապես երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու կարող և ընդունակ ուժեր:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի մայիսին:







































