Իշխող քաղաքական ուժի համար Կարեն Կարապետյանն այլևս ընդունելի չէ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով ՀՀ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառների մասին, նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Նրա հրաժարականի պատճառն ունի խորքային բնույթ, որը կապ ունի քաղաքական գործընթացների հետ: Պատճառն այն չէ, որ նա վատ քաղաքապետ է, այլ այն, որ ներկայիս իշխող քաղաքական ուժերի համար այլևս ընդունելի չէ»,- մեկնաբանեց Զ. Փոստանջյանը: Ըստ նրա` քաղաքապետի հրաժարականը ոչինչ չի փոխելու, համակարգը նույնն է մնում. այն, ինչ տեղի էր ունենում 2000թ., շարունակվում է: Մինչ համակարգային փոփոխությունը, Փոստանջյանի համոզմամբ, պետք է անօրինություններ գործող պաշտոնյաների գործունեությանը տրվի իրավական գնահատական, որոշ դեպքերում`քրեաիրավական:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը՝ որպես քաղաքապետ, Փոստանջյանը նշեց, որ շատ ընտանիքներ տուժեցին նրա գործունեության արդյունքում, և այսօր նա ոչ միայն պետք է հրաժարական տա, այլ պետք է նաև պատժի ենթարկվի: «Ես որևիցե դրական քայլ չեմ կարողանում մտաբերել նրա գործունեությունից: Երևանի կանաչ տարածքները իր օրոք չեն ավելացել, ավելին՝ իր ժամանակ դրանք պակասել են, Երևանի փողոցները չեն բարեկարգվել, ինչպես եղել, այնպես մնացել են, քաղաքը իր տեսքով և էկոլոգիական նկատառումներով չի բարելավվել»,- ասաց Զ. Փոստանջյանը` մանրամասնելով, որ քաղաքապետի գործունեության արդյունքում ապրուստի միջոցից են զրկվել կրպակատերերը, առևտրով զբաղվողները, մարդկանց հողակտորները օտարվել են:
Պատգամավորի համոզմամբ` քաղաքապետն իր ապօրինի հրամաններով խախտել է քաղաքացիների սահմանադրական իրավունքը, քաղաքացիների սեփականության իրավունքի նկատմամբ է ոտնձգություն իրականացրել:









































