Zloyan-ն այսօր իր բլոգում գրում է. «Երբ քաղաքապետը խոպան գնալու կապակցությամբ հրաժարական տվեց, ես ճիշտն ասած չզարմացա: Զարմանալի էր որ շատերը, էդ թվում շատ նորմալ մարդիկ, մի տեսակ ծանր տարան էդ նորությունը: Բայց դե իրանց գործն ա…
«Զատո» էս ամենի ինչի շնորհիվ մի անգամ էլ համոզվեցի, որ Երևան, որպես հայկական քաղաք այսօր գոյություն չունի: Կա «էրիվանսկի գուբերնիա»-ի կենտրոն, որի ղեկավարները երազում են «պավիշենի» ստանալ ու գնալ «ռուսաստաններ» («ամերիգաներ», «դուբայներ» և այլն/:
Երևանը քաղաք չի, էն իմաստով, որով քաղաք են ասենք Պրագան, կամ Թիֆլիսը: Ու «հին» ու «նոր» երևանցիների հարցը կապ չունի: Պրագայի և Թիֆլիսի այսօրվա բնակիչների 90 %-ի նախնիները այդ քաղաքների հետ որևէ կապ չեն ունեցել. 100 տարի առաջ Պրագան ավստրիական քաղաք էր` գերմանացի բնակիչներով, Թիֆլիսն էլ ռուսական քաղաք` հայ բնակիչներով: Հարցն այն է, որ չեխերի կամ վրացիների համար Պրագան կամ Թիֆլիսը միշտ եղել է Քաղաք մեծատառով, իրենց երկրի գլխավոր քաղաքը, այլ ոչ թե կայսրության «ծայրագավառ», որից բոլորը փորձում են պոկվել, որպեսզի կայսրության մայրաքաղաքում կարյերա անեն:
Բայց, ոչինչ, Երևանը աստիճանաբար քաղաք է դառնում: Երևանը քաղաք են դարձնում այն մարդիկ, որոնք կարող են գնալ, բայց չեն գնում: Ոչ նրա համար, որ չգիտեն, որ Երևանից ավելի լավ տեղեր կան: Որովհետև գիտեն, որ դրանք մերը չեն, իսկ Երևանը մերն է»:








































