Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական «Ազատ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ չի կիսում իշխող («Ազգային միասնություն») կուսակցության ներկայացուցիչների այն լավատեսական ու դրական հայտարարությունները, որոնք առնչվում են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ Շվեյցարիայի ներկայացրած նոր առաջարկին։
«Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան հայտարարել է, որ Սաակաշվիլիի ռեժիմն ԱՄՆ ճնշման ներքո փաստացիորեն առանց նախապայմանների համաձայնել է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը. «Մինչդեռ փոխարենը վերացվել է Պոսուի ու Ռոքյան թունելի մաքսային անցակետերում Վրաստանի ներկայացուցիչների հայտնվելու մասին վրացական կողմի պահանջը։
Մենք կարծում ենք, որ դա դավաճանություն է Վրաստանի ազգային շահերի նկատմամբ, քանի որ կարևորագույն քաղաքական որոշումներն ընդունվում են ոչ թե բուն Վրաստանի, այլ՝ ԱՄՆ շահերը հաշվի առնելով։ Մենք պահանջում ենք, որ Սաակաշվիլիի ռեժիմը ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցում գլխավոր նախապայման դնի ոչ թե «էլեկտրոնային տեղեկատվության» ձևական փոխանակումը, այլ՝ դեպի ռուսական շուկա վրացական արտադրանքի արտահանման անհապաղ և լայնամասշտաբ վերականգնումն ու Ռուսաստանի սահմանած բեռնարգելքի վերացումը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանի փոխարտգործնախարար Թորնիկե Գորդաձեն հայտարարել էր, որ վրացական կողմը համաձայնել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև տարաձայնությունների հարթմանն ուղղված Շվեյցարիայի առաջարկած նախագծին՝ ընդգծելով, որ բավարարված է համարում իր ներկայացրած բոլոր պահանջները։








































