Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական Mehr News լրատվական գործակալությունը, հայտնում է, որ Թուրքիան փորձում է Իրանին համոզել, որ իր տարածքում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) չի սպառնում նրան։
Իրանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմն այս կապակցությամբ հայտարարել է. «Թուրքիան մտադիր է բարեկամական մթնոլորտում Իրանի հետ քննարկել թուրքական տարածքում ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ի տեղակայման հարցը։ Թուրքիան որևէ գաղտնի միջոցառումներ չի իրականացնում և պատրաստ է տվյալ հարցը քննարկել բարեկամ Իրանի ներկայացուցիչների հետ։
Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շատ բաներով կախված են Թուրքիայի ու Իրանի միջև բարեկամական հարաբերություններից։ Այդ հարաբերություններն այնքան ամուր են, որ ոչ ոք ի վիճակի չէ վնաս պատճառել դրանց։
Թուրքիան Իրանին հրավիրել է մասնակցելու Ստամբուլում կայանալիք Աֆղանստանի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին։ Աֆղանստանի խնդիրը շատ կարևոր է տարածաշրջանի համար, և Իրանը պարտավոր է մասնակցել այդ կոնֆերանսին»։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ՌՏԿ-ն Թուրքիայում տեղակայվելու է արևելյան հատվածում ընկած Մալաթիայի նահանգի Քյուրեջիք վայրում՝ թուրք-իրանական սահմանից 540 կիլոմետր հեռավորության վրա։






































