ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ իշխանությունների կողմից մերժվել է ժողովրդավարական ճանապարհով փոփոխությունների հասնելու ճանապարհը, և դա Կոնգրեսին թույլ է տալիս անցնել թավշյա հեղափոխության համար անհրաժեշտ գործողությունների:
Զուրաբյանը նշեց, որ այսուհետ Կոնգրեսը մոբիլիզացնելու է ժողովրդին և մեծացնելու ժողովրդական ճնշումը. «Մենք ընդվզման այնպիսի ալիք պետք է բարձրացնենք, որ կաթվածահար կանի իշխող ռեժիմին»:
Զուրաբյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հեռացման համար կա 2 ճանապարհ, որոնք կարող են զուգորդվել կամ օժանդակել միմյանց:
Առաջինը Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ ժողովրդի ուղղակի ճնշումն է, երբ ժողովրդական զանգվածները հանրահավաքների, պիկետների ահագնացող ալիքով կստիպեն Սարգսյանին հրաժարական տալ:
Երկրորդը Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցի բարձրացումն է ԱԺ-ում՝ անհատ պատգամավորների կամ քաղաքական ուժերի աջակցությամբ:
«Մենք ունենք Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու համար անհրաժետ բոլոր գործիքներն ու նախադրյալները, և մեր գործը պետք է դառնա ազգովի այդ պայքարին լծվելը:
Պայքար, պայքար մինչև վերջ, իսկ դու Սերժիկ, հեռացիր»,- եզրափակեց Զուրաբյանը:









































