«Մենք պետք է հասկանանք, հանուն ժողովրդավարության, հանուն ազատ և երջանիկ Հայաստանի համար պայքարելով մենք պայքարում ենք 1999թ. հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ, որովհետև հենց այդ մարդիկ են զրկել Հայաստանը զարգացման հեռանկարից»,- նման խոսքերով ազդարարեց ՀԱԿ այսօրվա հանրահավաքի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանը օկուպացված է հունանյանական հանցախմբի կողմից, և պետք է ազատել մեր հայրենիքը՝ տուն առ տուն. «Սա ազատամարտ է, նույնպիսի ազատամարտ, որը վարում էր Վազգեն Սարգսյանը Արցախում, ազատամարտ, որը վարում էին Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Աշոտ Մանուկյանը, Սմբատ Այվազյանը և այլոք»:
Փաշինյանի խոսքերով՝ 1988թ. ազատամարտը մեկնարկել է փետրվարին Ազատության հրապարակում, այս ազատամարտը ևս մեկնարկել է փետրվարին Ազատության հրապարակում:
Փաշինյանը վստահեցրեց, որ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանգնելու են ժողովրդի դատաստանի առաջ՝ այնպես, ինչպես դատաստանի առաջ կանգնեցին Մուբարաքը, Բեն Ալին, Քադաֆին:











































