Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ 2003 թվականին Թուրքիայում պլանավորված Balyoz («Մեծ մուրճ») ռազմական հեղաշրջման գործում աննախադեպ իրադարձություն է գրանցվել։ Balyoz-ի գործը դիտարկող դատարանը վճռել է ազատ արձակել կասկածյալին։
Ստամբուլի 12-րդ ծանր հանցագործությունների դատարանը որոշել է ազատ արձակել գնդապետ Սենջեր Բաշաթին։ Միևնույն ժամանակ, թուրքական դատարանը մերժել է 2 ծովակալների և 2 գնդապետների ազատ արձակմանն ուղղված միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին թուրքական Taraf թերթը հրապարակեց 2003 թվականին կազմված ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված: Զինվորականները դժգոհ էին մնացել 2002 թվականի նոյեմբերյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, որոնցում վստահ հաղթանակ էր տարել կրոնական ու իսլամիստական կողմնորոշմամբ հայտնի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
Այդ պլանը ստացել էր Balyoz անվանումը: Այն մշակվել էր 2002-2003 թվականներին և հավանության էր արժանացել զինված ուժերի 162 սպաների, այդ թվում նաև 29 գեներալների հանդիպման ժամանակ:
Դրա համաձայն՝ նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համար համապատասխան հիմք ստեղծել: Դավադիրների կարծիքով՝ քաոսային իրավիճակի ստեղծումը և բազմաթիվ զոհերը, ուղիղ հեռարձակման հետ մեկտեղ, անհրաժեշտ էֆեկտ էին ապահովելու՝ իրենց նպատակին հասնելու համար:
Թուրքական մի շարք փորձագետներ կարծում են, որ 2003 թվականին կարող էր տեղի ունենալ Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության մեջ ամենաարյունալի հեղաշրջումը:










































