Հազարավոր մարդիկ հեռանում են Բանգկոկից` վախենալով ջրհեղեղից։ Քաղաքի փողոցները և մայրուղիները լի են քաղաքը լքող ավտոմեքենաներով:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Թաիլանդի մայրաքաղաքի բնակչությունը անհանգստացած է, քանի որ հանգստյան օրերին Բանգկոկի Չաո Պրայա գետը ջրհեղեղի պատճառով դուրս է եկել ափերից:
Երկրի վարչապետ Յինգլակ Չինավատը ասել է, որ վերանայում են Բանգկոկի արևելյան մասում ջրանցք փորելու հնարավորությունը, որպեսզի այդ կերպ ջուրը թափվի Թաիլանդի ծոցը:
Հինգշաբթի օրը նա հայտարարել էր, որ Բանգկոկում ամբարտակները ի վիճակի չեն պահել ջրի հոսքը, մայրաքաղաքի բոլոր շրջանների բնակիչները պետք է պատրաստ լինեն ջրհեղեղին:
Բանգկոկի նահանգապետ Սուխումբխանդ Պարիբատը ասել է, որ Չաո Պրայա գետի ջրի մակարդակը մեկ օրում ռեկորդային բարձրացել է, այն հասել է ծովի մակարդակից 2,4 մետրի:
Աղետների կենտրոնի տնօրեն Սերի Սուպարադիտը հայտարարել է, որ վատագույն դեպքում Բանգկոկը կհայտնվի ջրի տակ: Հիշեցնեք, որ զոհերի թիվը հասել է 377-ի, անցած շաբաթ Բանգկոկի իշխանությունները արտակարգ տարհանում էին հայտարարել վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղի պատճառով:








































