ՖԻՖԱ-ի մասնագիտական խմբի նախագահ Ֆրանց Բեքենբաուերն առաջարկում է հրաժարվել ֆուտբոլի` պասիվ խաղից դուրս վիճակի օրենքից: Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն առաջարկում է նաև թեթևացնել ֆուտբոլիստների պատիժը` տուգանային հրապարակի մատույցներում կատարվող կանոնների խախտման համար:
Բեքենբաուերը կարծում է, որ 2003 թվականին ընդունված այս օրենքը շատ բարդ է. «Ես կարծում եմ, որ մեք պետք է հրաժարվենք այս բարդ օրենքից: Իմ ժամանակ խաղից դուրս վիճակ գրանցվում էր անկախ այն հանգամանքից, թե գնդակը ինչ դիրք ուներ»:
Նա նաև ցանկանում է, որ պետք է թեթևացնել պատիժը տուգանային հրապարակի մատույցներում կատարվող խախտումների համար. «Կարմիր քարտ պետք է ցույց տրվի միայն ակնհայտ ձեռքով խաղի և շատ կոպիտ կանոնների խախտման համար: Մնացած բոլոր դեպքերում մրցավարը պետք է սահմանափակվի դեղին քարտով և նշանակած 11-մետրանոց հարվածով»:






































