Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի ԳԱ-ում տեղի ունեցան Արևելյան Եվրոպան ներկայացնող երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի ընտրությունները, և իր պատմության ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվեց Ադրբեջանը… Նրա օգտին քվեարկեցին 155 երկիր, 24-ը ձեռնպահ մնացին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադառնալով իր երկրի ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու փաստին` մի ուշագրավ տեղեկություն հայտնեց… Պարզվում է` Հայաստանը նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու նպատակով:
«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու համար… Այդ նպատակին հասնելու համար մեր դիվանագիտությունը վերջին ամիսներին մեծ աշխատանք է տարել… Հնարավոր է՝ ադրբեջանական հանրությունը տեղյակ չէ, որ սկզբնական շրջանում Հայաստանը նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը… Սակայն մի քանի ամիս առաջ նրանք, հավանաբար մտածելով ու հասկանալով, որ դիվանագիտական արենայում չեն կարող մրցակցել Ադրբեջանի հետ, շատ հանդարտ, անաղմուկ հետ վերցրին իրենց թեկնածությունը… Այսինքն՝ դա ինքնաբերաբար ցույց տվեց, որ նրանք անօգնական են Ադրբեջանի համեմատ և խոստովանում են դա… Կրկնում եմ, նրանք դա արեցին շատ կամացուկ, որպեսզի այդ խայտառակության մասին չիմանան շատ մարդիկ, շատ երկրներ… ՄԱԿ-ում Ադրբեջանի տարած հաղթանակը վկայում է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ճանաչման մասին… Հուսալի գործընկեր լինելը մեծ պատասխանատվություն է և մեծ նվաճում… Մենք, հիրավի, հուսալի գործընկեր ենք»,- ասել էր Ի.Ալիևը:
Երեկ «Առաջին լրատվական»-ը նախ Հայաստանի ԱԳՆ-ից փորձեց պաշտոնական պարզաբանումներ ստանալ: Մենք մասնավորապես երեք հարց ուղղեցինք ԱԳՆ-ին` Հայաստանը ե՞րբ է առաջադրել թեկնածությունը ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելու համար, ո՞ր թվականի ընտրության համար, հաջորդ հարցը` ե՞րբ է Հայաստանը որոշել հանել իր թեկնածությունը և ի՞նչ պատճառներով, ինչի՞ դիմաց է համաձայնել հանել իր թեկնածությունը: Եվ վերջապես վերջին հարցը` հնարավո՞ր է, որ Հայաստանը համաձայնել է հանել իր թեկնածությունը այն բանից հետո, երբ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ, օրինակ, ապագայում կդնի իր թեկնածությունը` ունենալով վստահություն, որ անդամ երկրները կքվեարկեն Հայաստանի թեկնածության օգտին: Սակայն մեր հարցերին ի պատասխան երեկ ՀՀ ԱԳՆ-ի լրատվական բաժնից ստացանք ընդամենը` no comment ձևակերպումը:
Մեզ հաջողվեց, սակայն, պարզել, որ Հայաստանը դեռ տասը տարի առաջ է առաջադրել իր թեկնածությունը ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամի ընտրության համար և հանել է իր թեկնածությունը ընդամենը մի քանի ամիս առաջ: Մեր տեղեկություններով, այս տարվա ընտրությանը Հայաստանը որոշում է կայացրել սատարել Ադրբեջանի մրցակցին, որը նաև ԵՄ մեծամասնության աջակցությունն ուներ: Խոսքը Սլովենիայի թեկնածության մասին է, սակայն ինչպես հայտնի է` Սլովենիան էլ հանեց իր թեկնածությունը:
Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվել… Նախ պետք է նշել, որ ՄԱԿ-ում անդամ երկրների աջակցությունը ստանալու ճանապարհին ընդունված պրակտիկա գոյություն ունի: Երկիրը հաշվում, ծանրութեթև է անում տարբեր կազմակերպություններում իր աջակցությունը, որոշակի աշխատանք է կատարում այդ ուղղությամբ, ապա ստանում է համապատասխան հավաստիացումներ տարբեր երկրների ներկայացուցիչներից այն մասին, որ ասենք` 2012-ին կստանա որոշակի քանակությամբ ձայն: Այսինքն` լայն դաշտ է բացվում որևէ երկրի համար` մյուս պետությունների հարաբերությունների համար, մի կողմը առաջարկում է որևէ հարցում իրեն աջակցել, մյուս կողմն էլ համաձայնում է` դրա դիմաց իրեն հետաքրքրող մի հարցի վերաբերյալ տվյալ կազմակերպությունում քո ձայնն է ակնկալում: Ասել է թե` սկսվում է դիվանագիտական առևտուր, բառիս դրական իմաստով:
Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խոսքը տվյալ դեպքում ՄԱԿ-ի բարձրագույն ատյանի` Անվտանգության խորհրդի մասին է, որտեղ տարվա ընթացքում հարյուրավոր, հազարավոր փաստաթղթեր ու բանաձևեր են ընդունվում` պետք է պատկերացնել յուրաքանչյուր պետության ձայնի արժեքը: Իսկ եթե երկիրը ընտրվում է ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ, նախևառաջ հստակ պետք է արձանագրենք, թե ինչ ծանրակշիռ ազդեցություն է ձեռք բերում տվյալ պետությունը այլ երկրների հետ իր դիվանագիտական հարաբերություններում:
Այսօր գլխավոր հարցը, որը մեզ պետք է անհանգստացնի, այն է, թե Հայաստանը, որը գիտակցել է, որ այս պահին անհրաժեշտ ձայներ չի ստանալու ՄԱԿ-ում, հանել է իր թեկնածությունը և ԵՄ-ի նախընտրած թեկնածուի օգտին է հանդես եկել, գոնե կարողացե՞լ է ստանալ հավաստիացումներ, որ մոտ ապագայում անպայման դնելու է իր թեկնածությունը և ակնկալելու է անդամ երկրների անվերապահ աջակցությունը… Հենց այս հարցում պետք է երևան Հայաստանի դիվանագիտության կարողություններն և հմտությունները: Բայց սա, թերևս, մի հարց է, որի պատասխանը կունենանք միայն ապագայում:
Այն հանգամանքը, որ Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելը որոշակիորեն ավելի կանխատեսելի կդարձնի այդ երկիրը և ռազմատենչ հռետորաբանության ու ռազմական գործողություններ վերսկսելուց հետ կպահի` իհարկե այս տեսանկյունից Հայաստանի համար Ադրբեջանի ընտրությունը վատ չէ: Բայց որ Ադրբեջանի համար ավելի լայն դաշտ է բացվել «ազատ առևտրի» համար ՄԱԿ-ի կառույցի շրջանակներից դուրս` անհերքելի փաստ է: Առաջիկա երկու տարիներին մենք ականատես են դառնալու, թե ինչպես են տարբեր երկրներ փորձելու սիրաշահել Ադրբեջանին, իսկ դրա դիմաց ինչպես է Ադրբեջանը առաջ քաշելու իր համար թիվ մեկ խնդրի` ղարաբաղյան հակամարտության հարցում տվյալ երկրի որևէ կառույցից աջակցող հայտարարություն ստանալու համաձայնությունը:











































