«Առաջին լրատվական»-ի տվյալով` հոկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում վախճանվել է պետական անվանի գործիչ ու դիվանագետ, ՀԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր պաշտոնաթող դեսպան Անատոլի Աշոտի Մկրտչյանը:
Ա. Մկրտչյանը ծնվել է 1931թ. հոկտեմբերի 6-ին Գյումրիում զինծառայողի ընտանիքում:
1986թ. օգոստոսից մինչև 1991թ. մարտը Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարարն էր: Նրա ղեկավարությամբ նախարարությունը մեծ աշխատանք է իրականացրել հանրապետության արտաքին կապերի ընդլայնման, 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքները կազմակերպելու, ողջ աշխարհից ժամանող փրկարարների ու մարդասիրական օգնություն ընդունելու գործում:
1977-85թթ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1991թ. մարտին նշանակվել Լեսոտոյի Թագավորությունում ԽՍՀՄ, այնուհետև ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան` այդ պաշտոնում մնալով մինչև 1992թ. նոյեմբերը:
ԽՍՀՄ նախագահի 1990թ. դեկտեմբերի 7-ի հրամանագրով նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Հետագա տարիներին եղել է Կամբոջայում, իսկ հետո` Հայիթիում ՄԱԿ-ի միջազգային առաքելությունների աշխատակից:
Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով:
Նրա հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին`ժամը 12.00–14.00-ը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14.00-ին Երևանի քաղաքային գերեզմանոցի նոր պանթեոնում:







































