«Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ`ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, որոնց ընթացքում քննարկվելու են Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորցմանն առնչվող հարցեր:
Մարզպետներն այցելելու են Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում քննարկելու համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, ինչպես նաև կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Այցելության արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները ամփոփվելու են ԼՂՀ կառավարությունում:








































