Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Limes կայքում տեղադրվել է ռուս-վրացական հարաբերություններին նվիրված մի հոդված, որում ասվում է.
«Ռուսաստանի և Վրաստանի միջև նորից պատերազմ է ընթանում։ Արկերը չեն թռչում, սակայն միայն այն պատճառով, որ դրանք արդեն նորաձև չեն։ Մոսկվան և Թբիլիսին չեն կրակում, սակայն փորձում են ոչնչացնել միմյանց՝ այս անգամ դրա համար կիրառելով տնտեսությունը։ Այսօր ավելի գործուն զենք է համարվում տնտեսությունը, և երկու կողմն էլ ձգտում են այն ծառայեցնել իրենց շահերին։
Ռուսաստանն օգտագործում է իր կշիռը, ընդ որում՝ թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական, որպեսզի փորձի խեղդել Վրաստանին՝ Մոսկվայի միակ նախկին սատելիտին, որը դեռևս շարունակում է պնդել իր լիակատար անկախությունը։
Այժմ, երբ Ուկրաինան սկսել է չհակառակվել, Վլադիմիր Պուտինը կարող է հասնել Վրաստանի լիակատար շրջափակմանը։ Այդ նպատակին է ծառայելու Կրեմլի նոր քաղաքական նախագիծը՝ Եվրասիական միությունը։ Հորիզնում նշմարվում է նոր Խորհրդային միություն, ամերիկամետ Վրաստանը ռիսկի է դիմում հայտնվելու միայնության մեջ. հյուսիսում և արևմուտքում Ռուսաստանն է, արևելքում՝ Ադրբեջանը, հարավում՝ Հայաստանը։
Ինչպես թվում է, անգամ Ուկրաինան է ենթարկվել Կրեմլին։ Թբիլիսիի գլխին մութ ամպեր են կուտակվել։ Այժմ Վրաստանը լուրջ տնտեսական ճգնաժամ է ապրում։ Սակայն փոքր Վրաստանը չի հանձնվում, և ցայժմ շարունակում է շրջափակել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության գործընթացը։ Անգամ հիմա, երբ ճգնաժամերից հյուծված Արևմուտքը պատրաստ է աննախադեպ զիջումների գնալ Մոսկվային, արևմտյան ջանքերը բավարար չեն ապահովելու համար ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը»։









































