«Առաջին լրատվական»-ի հաղորդմամբ` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Մասիս քաղաքի հեռախոսագծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2011թ. տարեվերջը, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ Ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
«Ցանցի արդիականացումը և բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրումը` մեր ընկերության զարգացման ռազմավարության գլխավոր գերակայությունն է: Ֆիքսված կապի հեռախոսագծերի թվայնացումն աշխատատար և ծախսատար, սակայն, միաժամանակ, երկրի համար անհրաժեշտ գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել մեր ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: «ԱրմենՏել»-ի ներդրումների շնորհիվ Հայաստանի ֆիքսված ցանցի թվայնացման մակարդակը թույլ է տալիս դասել մեր երկիրը Արևմտյան Եվրոպայի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին»,- ասում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ հոկտեմբերի վերջի դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82 տոկոսը, իսկ բաժանորդային ցանցի մալուխմների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ-ն:









































