Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Սարգիս Սերոբյանը կարծում է, որ Թուրքիան ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի օգնության առաջարկը չընդունեց, որովհետև դրա կարիքն այլևս չուներ և ոչ թե ինչ-ինչ դիտավորությույներից ելնելով: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում` անդրադառանալով լուրերին, որ Թուրքիան ընդունել է Իսրայելի օգնությունը, որը Հայաստանի կողմից ստացված առաջարկի հետ մերժել էր ավելի վաղ:
Թերթի քաղաքական լուրերի պատասխանատու Բագրատ Էստուքյանն իր հերթին նկատեց, որ իրադարձությունների նման զարգացումն, ամենայն հավանականությամբ, կապ ունի կազմակերպչական խնդիրների հետ: «Հստակ չեմ կարող ասել, թե ինչու Հայաստանի օգնության առաջարկը մերժվեց, բայց կարող եմ ասել, որ Թուրքիան բազմաթիվ առաջարկներ ստացավ, որոնց միայն մի մասն ընդունեց: Ավելի շատ տեղեկություն այդ մասին, դժբախտաբար չունեմ: Տեղյակ չեմ նաև` վայրէջք կատարել է արդյոք իսրայելական օգնությամբ ինքնաթիռը, թե ոչ»,- նշեց նա:
Էստուքյանի խոսքով, Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերել է նաև «Ակօսի» խմբագրակազմը: «Twitter սոցիալական ցանցում այս առումով բավական հետաքրքիր մեկնաբանություններ եղան. օրինակ, դրանցից մեկում նշվում էր, որ եթե Թուրքիան մերժեց դրսի հայերի օգնությունը, ապա տեղաբնակ հայերին չկարողացավ արգելք հանդիսանալ»:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով Թուրքիան համաձայնել է օգնություն ընդունել Իսրայելից: Իսրայելական օգնությամբ առաջին ինքնաթիռը Թուրքիայում վայրէջք կկատարի այսօր առավոտյան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան շնորհակալությամբ մերժել էր Հայաստանի և Իսրայելի` իրեն օգնելու առաջարկը:









































