«Մարդկային բարոյական արժեքները անփոփոխ են և մնայուն։ Կան քաղաքական կուսակցություններ և ղեկավարներ, որոնք կամուրջ են անցյալի ու ներկայի միջև։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և նրա նախագահը` Գագիկ Ծառուկյանը, ներկայի և ապագայի կամուրջն են՝ մնայուն գործերով և բարոյական կերպարով»,- հոկտեմբերի 25-ին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել էր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Հայաստանի ներիշխանական ճամբարում հասունացած խմորումների ֆոնին հայտարարությունն իսկապես հետաքրքրական է, քանի որ այն, թերևս, բացահայտում է Գագիկ Ծառուկյանի ներիշխանական գործունեության հետ կապված մտադրությունների բավական ուշագրավ ելակետ: Ծառուկյանը, փաստորեն, ներկայացնում է ներիշխանական կամուրջ լինելու հայտ: Բայց ո՞ւմ միջև է նա ցանկանում լինել այդ կամուրջը: Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի: Ներկայումս հավանական է, որ Ծառուկյանն ավելի շատ փորձի միմյանց կապել իշխանության Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան «ափերը», քանի որ հենց այդ հարթությունում է հասունանում ներքաղաքական ներկայիս գլխավոր ինտրիգը:
Տեր-Պետրոսյանը կարծես թե որոշեց առժամանակ մի կողմ քաշվել ու սպասել՝ նորից տեղավորվելով հանդարտ հունի մեջ: Սակայն չի բացառվում նաև, որ, առաջարկելով իր ծառայությունը՝ որպես «կամուրջ», Գագիկ Ծառուկյանը նկատի ունի նաև այն տարբերակը, երբ Ռոբերտ Քոչարյանը, այդուհանդերձ, շատ առաջ չգա առաջիկա ընտրությանը, փոխարենը վերստին ակտիվ գործողությունների փուլ մտնի Տեր-Պետրոսյանը:
Ծառուկյանի համար խնդիրն այստեղ իհարկե իր հարցն է, որը նա փորձում է լուծել հենց «կամրջի» տարբերակով՝ դա համարելով առավել «անշառն» ու ապահովը իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում. մի կողմից՝ նա այդպես զերծ է մնում ավելորդ իշխանական հավակնություններից, մյուս կողմից էլ՝ իր դիրքը փորձում է երկկողմ ապահովագրության ենթարկել:
Այստեղ հետաքրքրական է սակայն մեկ այլ դրվագ: Մի քանի օր առաջ հրապարակված ծավալուն հարցազրույցում Գագիկ Ծառուկյանը խոսում էր այն մասին, որ ԲՀԿ-ն հավակնում է լինել քաղաքական լայն համախմբման գեներատոր ուժ: Ներկայումս «կամրջի» հայտ ներկայացնելով՝ ԲՀԿ-ն կարծես թե հրաժարվում է, նահանջում է իր ավելի հավակնոտ կարգավիճակից` լայն քաղաքական համախմբման նախաձեռնող ուժի կարգավիճակից: Չէ՞ որ մի բան է համախմբող լինել, այսինքն՝ լինել առաջ տանող, և մեկ այլ բան է լինել «կամուրջ», այսինքն՝ ընդամենը կապող օղակ, ոչ թե լոկոմոտիվ:







































